Ցավոք ամեն կին չի կարող հպարտանալ ոճի բնածին զգացումով: Իսկ գեղեցիկ ու ոճային հագնվելու ցանկություն ամեն կին ունի: Բոլորս գիտենք, որ ճաշակին ընկեր չկա, սակայն կան ընդհանուր կանոններ, որոնք կօգնեն միշտ նորաձև լինել ու ընտրել հագուստի համադրելի գույներ:
Նախ արդեն վաղուց նորաձև չէ միագույն հագուստը: Նորաձևության վերջին միտումները թելադրում են երեք գույնի համադրություն' մեկը հիմնական, մյուսը հիմնականին մոտ երանգ, իսկ երրորդը կոնտրաստային ինչ-որ բան աքսեսուարի տեսքով:
Երկրորդ, ճիշտ համադրություն անելու համար պետք է օգտվել ֆիզիկայի կաննոներից: Մենք գիտենք, որ գոյություն ունի երեք հիմնական գույն' կանաչ, կարմիր և դեղին: Այս գույները կազմում են 12 գույն: Եթե չեք ցանկանում անճաշակ երևալ, երբեք մի համադրեք սպեկտրում գտնվող հարևան գույները, օրինակ' փիրուզագույնը և նարնջագույնը, վարդագույնն ու դեղինը: Թեև վերջին միտումները թելադրում են հենց այսպիսի համադրություններ:
Երրորդ, սև, մոխրագույն և սպիտակ գույները համադրվում են սպեկտրի ցանկացած գույնի հետ: Ուստի կարող եք հանգիստ համադրել սև կոստյումը վարդագույն վերնաշապիկի հետ: Շատ նորաձև են այս երեք գույները վառ գույների հետ:
Չորրորդ, անգամ եթե ստիպված եք պաշտոնական տեսք ունենալ, ապա լավագույն տարբերակը սև ներքևն է և սպիտակ վերևը: Այս տարբերակն ասոցացվում է կայունության և վստահության հետ: Եթե ցանկանում եք վստահություն ձեռք բերել, ապա ընտրեք շագանակագույնի երանգները:
Հինգերորդ, խնջույքների և երեկույթների պատրաստվելիս մի վախեցեք վառ լինել: Սակայն եթե արդեն երիտասարդ չեք, ապա խուսափեք վառ-վարդագույն զգեստներից, փոխարենը նուրբ վարդագույն աքսեսուարները ձեզ կթարմացնեն: Սև զգեստ ընտրելիս հիշեք, որ իր բոլոր առավելությունների հետ մեկտեղ այն ծերացնում է դեմքը: Իսկ վառ կարմիր զգեստն ագրեսիվ է և պետք է համապատասխանի ձեր ներաշխարհին ու տրամադրությանը:
Տնից դուրս գալիս հայելու մեջ ձեզ ուշադիր զննեք և համոզվեք, որ կրում եք համադրելի ու աչքին հաճո գույների հագուստ: Փորձեք ձեզ կողքից նայել, կարծես նայում եք բոլորովին անծանոթ մեկին, իսկ եթե դա էլ չօգնի, ապա լուսանկարեք ինքներդ ձեզ և տեսեք, թե արդյոք ձեր տեսքը ձեզ գոհացնում է, թե ոչ: Հագուստը նախ պետք է ձեզ հաճելի լինի, դուք պետք է ձեզ ինքնավստահ զգաք դրա մեջ, սակայն դա չի նշանակում, որ կարող եք կրել ամենանհամատեղելի գույներն ու ասել, որ ձեզ այդպես լավ եք զգում: Մենք հագնվում ենք ինքներս մեզ համար' չմոռանալով շրջապատի մասին: