Ակնաբույժները զգուշացնում են' դիմահարդարման նյութերի մեծ քանակության, փայլերի օգտագործման դեպքում փոքր մասնիկները կարող են ընկնել կոնյուկտիվալ տարածություն և առաջացնել կոնյուկտիվիտ կոչվող բորբոքային հիվանդությունը: Հետաքրքիր է նաև այն, որ դիմահարդարման միջոցով աչքերի ընդգծումը, նրանց չափերի տեսողական մեծացումը երիտասարդացնում է կնոջը:
Հնարավոր է' հիմքում երեխաների' մեծ աչքեր ունենալու փաստն է. աչքերն ի սկզբանե ունենում են իրենց ամբողջական չափն ու կյանքի ընթացքում, համեմատած մարմնի այլ մասերի հետ, շատ քիչ են մեծանում: Այս առումով սխալ է աչքերի սև շրջագծումը: Այն տեսողականորեն փոքրացնում է աչքերը, և կինն իր տարիքից մեծ է երևում: Ստորին կոպի շրջագծումը ''իջեցնում'' է կոպերն ու ''ծանրացնում'' աչքերը:
35-40 տ.-ից հետո կտրականապես պետք է հրաժարվել մուգ ստվերաներկի և սև մատիտի օգտագործումից ստորին կոպի շրջանում: Մուգ ստվերաներկ աչքերի միջային անկյունում' սրանից պետք է խուսափել հատկապես իրար մոտ տեղակայված աչքերի պարագայում:
Իսկ օրինակ հոնքերի մուգ ներկումն ու արտաքին եզրի իջեցումը ծերացնում է դեմքը: Տարիքի հետ դիմահարդարումը պետք է նուրբ ու թեթև դառնա, սակայն դիմահարդարումից առհասարակ հրաժարվելը նույնպես ճիշտ չէ: Նախընտրելի է օգտագործել բաց երանգներ:
Կնճիռները դիմահարդարմամբ ծածկելու համար անհրաժեշտ է կնճռոտ հատվածին հաղորդել ավելի բաց երանգ, քան մնացյալ մաշկին: Այս դեպքում դիտողի աչքն այդ հատվածները կընկալի որպես հարթ մակերես: Հիշենք նաև, որ բոլոր գծերը պետք է ուղղված լինեն դեպի վեր (վերին կոպ, հոնքեր):