Օրերս դերասան, հումորիստ, «Կարգին սերիալում» «զուլալի» կերպարը մարմնավորող Ռաֆայել Երանոսյանը նշել է ծննդյան 32-ամյակը: Դերասանին ուղիղ ժամը 12-ին շնորհավորել է եղբայրը, որից հետո հեռախոսը մեկ վայրկյան չի լռել:
Ռաֆոն esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի ծնունդը նշելու մտադրություն չուներ:
«Այս տարի ոչ մի բան նախապես չէի պլանավորել. ցերեկը ընկերներս ասացին' բա չգնանք մի տեղ քեզ շնորհավորենք, համ էլ խոսենք, մեր անելքիները քննարկենք, ու այդ ժամանակ Հայկոն, ով մեկ անգամ արդեն մեր Հոկտեմբերյանի տանը եղել էր, ասաց, որ այդտեղից լավ տեղ չենք էլ կարող գնալ: Տղերքով գնացինք ու մինչև ուշ գիշեր կերանք-խմեցինք, խոսեցինք»,- նշեց հումորիստը:

Ըստ Ռաֆոյի' երբեք նվերներին ուշադրություն չի դարձնում: «Ոչ մի անգամ նվերներն ինձ համար կարևոր չեն եղել, բայց չգիտեմ էլ ինչի, ամեն անգամ, երբ մարդկանց հրավիրում էի ծնունդիս, անպայման շեշտում էի, որ նվերս չմոռանան :)»:
Այս տարի էլ հոբելյարը ոչ մի նվեր չի ստացել. նրա խոսքերով, ընկերներն երեկ շատ խառն էին, ու իրեն նվեր առնելու ժամանակ չեն ունեցել:
Ռաֆոյի 32-ամյակի խնջույքին ներկա են եղել Կարգին Հայկոն եղբոր'ռեժիսոր Արման Մարությանի հետ, Անդոն, Կամերային թատրոնի դերասան Արշալույս Հարությունյանը, Ռաֆոյի եղբայրն ու երկու ընկերները, իսկ Մկոն քաղաքում չլինելու պատճառով չի կարողացել միանալ ընկերներին:

Առաջիկա ծրագրերի մասին դերասանն ասաց. «Առաջիկայում «Կարգին» թիմի հետ շատ ծրագրեր ունենք իրականացնելու, մեր նոր պրոեկտը, որի մասին այժմ չեմ բարձրաձայնի, թող անակնկալ լինի հեռուստադիտողի համար. սեպտեմբերի վերջերից այն արդեն եթերում կլինի»:
Հ.Գ. Ռաֆոյի խնդրանքին ընդառաջելով' նշենք, որ նրա սիրտը դեռևս ազատ է. դերասանը փնտրում է իր կյանքի կեսին :)

Շնորհավոր. Մերի Պողոսյան