Սիրելիի հետ հանդիպումը, մեզ՝ աղջիկներիս համար չափազանց պատասխանատու քայլ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է առաջին ժամադրությանը: Բոլորս էլ ուզում ենք, որ այն անցնի հետաքրքիր ու ռոմանտիկ: Սակայն մինչ առաջին հանդիպման գնալը, իմացիր, թե ինչի մասին չարժե խոսել ժամադրության ժամանակ:

Հենց առաջին ժամադրության ժամանակ մի գովաբանիր քեզ ու մի խոսիր քո առավելությունների մասին: Տղամարդիկ կարծում են, որ լավագույնը գովազդի կարիք չունի:
Մի խոսիր նաև քո թերությունների մասին: «Չէ, ի՞նչ ես ասում, ես այդքան էլ գեղեցիկ չեմ, ինչպես դու ես նկարագրում, ուղղակի այսօր սանրվածքս հաջող է ստացվել: Ինչպես նաև գրեթե միշտ կորցնում եմ բանալիներս ու կարևոր մի շարք իրեր»: Նման արտահայտություները դուր չեն գալիս տղամարդկանց: Երբեք մի հակառակվիր այն հաճոյախոսություններին, որ անում է սիրելիդ: Լավագույն պատասխանը կլինի քո մեղմ ժպիտն ու շնորհակալությունը:
Մի պատմիր քո առօրյա խնդիրների մասին ու մի դժգոհիր կյանքից: Նրանք տանել չեն կարողանում կյանքից դժգոհ կանանց: Պատկերացրեք' նա աշխատանքից հոգնած վերադառնում է տուն, իսկ այնտեղ նրան սպասվում են անվերջ մեղադրանքներ ու բողոքներ: Հավատացեք, նա այլևս տուն վերադառնալու ցանկություն չի ունենա:
Երբեք մի խոսիր քո «թանկ» երազանքների մասին: Եթե նույնիսկ հանդիպում ես օլիգարխի հետ և նպատակ ունես նրա օգնությամբ ամբողջ աշխարհով ճանապարհորդել, ոչ մի դեպքում մի ասա դրա մասին առաջին իսկ հանդիպմանը: Տղամարդկանց համար, ինչպես և մեզ համար, կարևոր է իմանալ, որ գնահատում ես ոչ թե նրա գրպանի պարունակությունը, այլև հենց իրեն:
Մի շոշափիր թեմաներ ամուսնության մասին: Ապագայի մասին պլաններ կազմելը հիանալի է, բայց ոչ առաջին ժամադրությանը, երբ դեռ նոր ես ճանաչում նրան ու դեռևս չգիտես' նա է այն միակը, ում հետ կցանկանայիր անցկացնել քո ամբողջ կյանքը: Եվ հետո քո շտապողականությունը կարող է վախեցնել նրան. տղամարդիկ նման դեպքերում խուսափում են հետագա հանդիպումներից:

Մի պատմիր քո սիրային նախկին հարաբերությունների մասին: Մի վատաբանիր ու մի ծաղրիր նախկին ընկերոջդ: Նա կարող է մտածել, թե որոշ ժամանակ անց նույն խոսքերը իր հասցեին կուղղես: Մի համեմատիր նրան մեկ ուրիշ տղամարդու հետ:
Նրա հետ խոսելիս մի օգտագործիր ժարգոնային բառեր ու արտահայտություններ: Հավատա, առաջին տպավորությունից շատ բան է կախված:
Մի առաջարկիր նրան կրկին հանդիպել: Ամեն դեպքում տղամարդիկ ցանկանում են փոխհարաբերություններում առաջատար լինել: Եթե դու նրան գրավել ես, երկրորդ հանդիպումը չի ուշանա:
Հաճելի հանդիպումներ և մեծ ու անկեղծ սեր քեզ:

Պատրաստեց Սյունե Մանուչարյանը