Մարինե 

«Բարև ձեզ: Ինչպես համոզվեցի (վերջին շրջանում), մի սարսափելի թերություն ունեմ' խանդը… խանդում եմ սիրածս տղամարդուն: Մենք մեկ տարուց ավելի է, ինչ ապրում ենք միասին: Գործի բերումով նա շատ է շփվում, անընդհատ մեկնում գործուղումների: Բնականաբար, բազմաթիվ իգական սեռի ծանոթներ ունի' վաճառողուհի-խորհրդատուներ, գործընկերուհիներ: Հանրահայտ մի կայքում ունի իր էջը, որտեղ նորից բազմաթիվ են կին ծանոթները:

Ներկայացնեմ մի քանի իրավիճակ, երբ ես խանդեցի. մտա նրա անձնական էջը և տեսա ինչ-որ աղջիկներ նրա "ընկերների” ցանկում: Դա շատ տհաճ թվաց ինձ… նրա ինչին են պետք նոր կին-ծանոթները: Միթե քիչ է ինձ հետ շփումը:

Երեկոյան, ժամը 23:00-ին' զանգ նրա բջջային հեռախոսին ու կարճ խոսակցություն.
"Բարև-բարև, ուրախ եմ քեզ համար: Առայժմ”: Զանգել էր կին ծանոթներից մեկը, ով այդ պահին կարաոկե ակումբում ուրախ ժամանց էր անցկացնում: Երբ, բնականաբար, սկսեցի հարցուփորձ անել, բացատրեց, թե նա ամուսնացած է, երեխա ունի, պարզապես այդ պահին շատ բարձր տրամադրություն ուներ և որոշել էր կիսվել իր հետ:

Այլ իրավիճակ. Գործուղման մեջ է. զանգում է առավոտյան ժամը տասին ու ասում. «Մարինա, մի հատ բլոկնոտիս մեջ նայիր Իրինայի համարն ու ինձ ասա»: Ես փնտրում եմ, ձայնից զգում եմ, որ գինովցած է:
Արդեն իզուր է ասելը, որ ամբողջ գիշեր չքնեցի: Գիտեմ, որ Իրինան ինչ-որ կերպ կապված է նրա բանակային ծառայության հետ, ինչ-որ հարցով օգնել է ժամանակին: Գաղափար չունեմ, թե ինչ հարաբերություններ են եղել նրանց միջև այն ժամանակ… Իսկ, ով գիտե, մեկ էլ տեսար հին սերը արթնացավ… Հետո հարցրի' կարողացար զանգել Իրինային: Ասաց, որ' ոչ: Ես հավատում եմ նրան:

Ես սիրում եմ նրան ու չեմ ուզում կորցնել: Նա շատ բարի է, ուշադիր: Միասին բազմաթիվ հաճելի օրեր ենք ապրել, նաև առաջընթաց ունեցել բարեկեցության առումով: կարծում եմ, ֆիզիկապես նա երբեք ինձ չի դավաճանել (ինքն էլ է միշտ կրկնում, որ սեռական առումով որևէ մեկը ինձնից բացի նրան չի հետաքրքրում):
Հավանաբար, ես նրան խանդում եմ ուրիշների նկատմամբ հենց շփումների համար: Ինքս առանձնապես ընկերուհիներ չունեմ: Իսկ տղամարդկանց հետ նա արգելում է ինձ շփվել, նույնիսկ' վիրտուալ, ինտերնետով: Ես աշխատում եմ երեկոյան ժամերին' ֆիթնեսի մարզիչ եմ: Աշխատանքս վերջացնում եմ, գալիս տուն, զբաղվում տան գործերով, ընթրիք պատրաստում: Ամեն ինչ հարթ ու խաղաղ է:
Նա գալիս է տուն, ընթրում, նստում համակարգչի առջև (լավ, խաղալ է ուզում, թող խաղա, իսկ եթե նորից այդ "ծանոթությունների կայքը”…):

Ես պարզապես ուզում եմ հարցնել ձեզ. ինչպես ավելի թեթև տանել նման իրավիճակները, ինչպես դադարել խանդել ու պահպանել հավասարակշռությունը: Իրականում գիտակցում եմ, որ պետք է որոշակիորեն "հանգստանալ” իրարից' պահպանելով հավատարմություն, որ բացի սիրահար զույգի համատեղ աշխարհը' ամեն մեկն ունի նաև իր սեփականը… բայց հանգիստ տանել չեմ կարողանում»:

Պատասխան

Դուք, սիրում եք նրան և, իհարկե, վախենում եք կորցնել: Նրա անցյալն ու ներկան, որը կապված չէ ձեզ հետ, ընդունում եք որպես վտանգ ձեր երջանկության համար: Դուք կախված եք նրանից, իսկ նա ունի ոչ միայն ձեզ հետ համատեղ կյանքը, այլև իր սեփականը: Ստացվում է, որ նա ամբողջովին "ձերը” չէ: Դժվար է կախված լինել մի բանից, ինչը ձեր վերահսկողությունից վեր է:
Եվ այստեղ վրա է հասնում խանդը: Դուք համոզված եք նրա սեռական հավատարմության հարցում, իսկ զգացմունքային դաշտում' ոչ: Եթե մի պահ պատկերացնենք, որ նա հեռախոսի, համակարգչի, բլոկնոտի միջից ջնջեր բոլոր իգական սեռի ներկայացուցիչների անունները, փոխեր աշխատանքը, որպեսզի ոչ մեկին չտեսներ ու լիներ միայն ձերը, այդ ժամանակ խանդը ձեր "ականջին կշշնջար”' "Իսկ ինչի մասին է նա մտածում, ում է տեսնում երազում, իսկ միգուցե նրա ֆանտազիաների մեջ կամ ոչ միայն ես…”:

Խանդը այս դեպքում հակազդեցություն է նրա "ձեզնից առանձին լինելու” նկատմամբ, սիրելիի ցանկացած ինքնուրույն դրևորում կարող է մտատանջող առիթ դառնալ խանդի համար:
Ձեր զույգի դեպքում կարծես թե խանդում եք ոչ միայն դուք: Այլապես ինչու է նա ձեզ արգելում շփվել որևէ այլ տղամարդու հետ: Միգուցե դա ձեզ ավելի է խանգարում այն առումով, որ ձեր ողջ ուշադրությունը կենտրոնանում է ամբողջ աշխարհում միմիայն մեկ անձի' ձեր սիրելիի վրա, բոլոր սպասումները կապված են նրա հետ: Դուրս է գալիս, որ նա պետք է լինի մտերիմ ընկեր, հետաքրքիր զրուցակից, նվիրված հարազատ մարդ, կրքոտ երկրպագու: Պիտի լինի հավատարիմ, հասանելի, միայն ձերը: Նա պետք է մարմնավորի ամբողջ աշխարհը ձեզ համար: Չափազանց մեծ բեռ չէ մեկ մարդու համար: Բացի այդ' դուք նրան ընտրել եք պարզապես սիրելով, ոչ այդ իդեալական դերի մեջ:
Սերը պարադոքսալ երևույթ է: Տարվածություն, հետաքրքվածություն, հիացմունք մենք կարող ենք տածել այն անձնավորության հանդեպ, ով մինչև վերջ "հասկանալի” ու բացահայտված չէ մեզ համար: Բայցև նույն չբացահայտվածությունը կարող է հանդիսանալ տագնապի աղբյուր' "բա որ հանկարծ հեռանա, անհավատարիմ լինի, պատկանի ոչ միայն ինձ…”:

Մենք ազատվում ենք անհանգստությունից' ավելի լավ ճանաչելով, հասկանալով, մտերմանալով, ինչու չէ, փորձելով նրան… Բայց եթե ստացվի "գործը հասցնել մինչև վերջ”, բացառված չէ, որ մեզ խորը հիսաթափություն սպասի, քանի որ գուցե ազատվենք ոչ միայն լիովին բացահայտած չլինելու զգացումից, այլև հենց սիրուց: