Մարդիկ սկսում են ինտենսիվորեն քրտնել դեռահասության տարիքից, երբ արյան մեջ բարձրանում է սեռական հորմոնների' անդրոգենների մակարդակը, երեխաների մոտ այս երևույթը բացակայում է:

Քրտնարտադրությունն անհրաժեշտ է օրգանիզմին մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար: Քրտինքը հոտ չունի, սակայն հանդիսանում է լավ միջավայր մանրէների բազմացման համար, որոնք էլ դառնում են հոտի առաջացման պատճառ:

Ինչո՞ւ են քրտնում ոտքերը

Մանրէները հատկապես սիրում են դժվար հասանելի վայրերը, որտեղ իրենց լավ են զգում: Այդպիսի վայրեր են' մարմնի ծալքերը, սեռական օրգանները և վերջույթները: Ոտքերից կարող է տհաճ հոտ գալ նաև կոշիկի յուրահատուկ հոտի պատճառով, ինչը կարելի է չեզոքացնել հատուկ նյութերի օգնությամբ: Բացի այդ, աշխատեք ընտրել բնական, ներծծող նյութերից պատրաստված գուլպաներ:

Ինչպե՞ս պայքարել տհաճ հոտի դեմ

Իհարկե, տհաճ հոտի դեմ պայքարի առաջին և ամենակարևոր նախապայմանը ողջ մարմնի հիգիենան է: Հաճախ լողանք ընդունեք:

Դեզոդորանտը և անտիպերսպերանտը միևնույն բաները չեն: Դեզոդորանտները քողարկում են տհաճ հոտը, իսկ անտիպերսպերանտները անմիջականորեն ազդում են քրտնագեղձերի վրա' նվազեցնելով քրտնարտադրությունը: Այդ պատճառով օգտագործեք հենց անտիպերսպերանտներ:

Չոր պահեք թևատակերը, քանզի մանրէները բազմանում են տաք և խոնավ պայմաններում:

Ջրածնի պերօքսիդի ջրային լուծույթն ունի մանրէասպան հատկություն: 3%-ոց լուծույթի մեկ թեյի գդալը ավելացրեք մեկ բաժակ ջրին և ստացված լուծույթով լվացեք մարմնի այն մասերը, որտեղ քրտնարտադրությունը բարձր է:

Հաճախ լվացեք ձեր աշխատանքային շորերն ու սպորտային համազգեստը:

Փոխեք ձեր սննադակարգը: Որոշ հոտավետ մթերքներ (սոխ, սխտոր, կարրի պղպեղ) կարող են արտազատվել մարմնի միջոցով'էլ ավելի ծանրացնելով տհաճ հոտը:

Եթե ձեզ մոտ առկա է ավելորդ քրտնարտադրություն, դիմեք բժշկի' դա կարող է լինել այլ հիվանդությունների հետևանք: