«Եվրատեսիլ 2016»–ին Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի LoveWave երգն առաջին անգամ կենդանի կատարմամբ հնչել է ապրիլի 3–ին մոսկովյան Известия Hall-ում: Այստեղ անցկացվել է Եվրատեսիլի այս տարվա նախնական համերգը, որի շրջանակներում կենդանի ելույթ են ունեցել մրցույթում Ռուսաստանի, Բելառուսի, Ալբանիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Կիպրոսի, Մալթայի և  Սան Մարինոյի, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցիչները:

 

Համերգից առաջ Հայաստանի պատվիրակը ֆեյսբուքյան իր էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ հրաժարվել է բոլոր հարցազրույցներից, իսկ կատարումը նվիրելու է զոհված հայորդիների հիշատակին. 

 

«Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում ... Ցնցված եմ և դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման համար... Ամուր եղեք, իմ եղբայր զինվորներ:

 

Այժմ Մոսկվայում եմ և չեղյալ եմ համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները, չեմ մասնակցելու նաեւ կարմիր գորգի արարողությանը... Բայց երեկոյան կփորձեմ հավաքել ուժերս և կատարումս նվիրել 12-ամյա Վաղինակի և բոլոր այն քաջերի հիշատակին, ովքեր զոհը դարձան այս ահաբեկչության: Թող երգս խաղաղության ու սիրո կոչ լինի, ձայնս հատի բոլոր սահմանները եւ կանգնեցնի չարին: Աստված մեզ պահապան»,- գրել է երգչուհին: