Հունվարի 29-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում համերգային ծրագրով առաջին անգամ հանդես եկավ նորակազմ «The sounds of art» («Արվեստի ձայներ») ջազ խումբը: Այն հիմնադրվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի նախաձեռնությամբ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ` խմբի ստեղծման համար առաջնային, գերակա խնդիրներից մեկն է մշակութային ոլորտում մարզերի համաչափ զարգացումը: Խումբը, լինելով փոքրաթիվ երաժիշտներից կազմված, մեծ հնարավորություն կտա, որ համերգներ հաճախակի կազմակերպվեն մարզերում:

 

«2016-ին ֆիլհարմոնիայի գերակա խնդիրներից մեկն է մարզերում համերգների կազմակերպումը: Մենք այս խմբի միջոցով կմատուցենք իրական բարձրաճաշակ երաժշտություն»,- ասում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը և հավելում, որ հետագայում երաժշտախմբում կընդգրկվեն նաև ազգային նվագարաններ:

Համերգի ընթացքում հնչեցին հայտնի ստեղծագործություններ` նվագախմբի նորովի մեկնաբանությամբ: «The sounds of art» խմբի անդամները դասական հայ երաժշտության աշխարհում արդեն կայացած երաժիշտներ են:

Վաղը

Խմբի անդամներն են Սյուզի Բարսեղյան` ֆլեյտա, Արթուր Եղիազարյան` սաքսոֆոն, Արամ Կարապետյան` բասկիթառ, Արտակ Մարուքյան` դաշնամուր, Րաֆֆի Խորոզյան` հարվածային գործիքներ:



Խումբը հանդես է գալու թե´ ազգային, թե´ այլ ազգերի ֆոլկլյորային երաժշտական ստեղծագործությունների համադրությամբ և նոր մեկնաբանությամբ:

 

Լեփ լեցուն դահլիճը և անդադար հնչող ծափահարությունները վկայում էին այն մասին, որ խումբն ընդունվեց և սիրվեց երևանյան հանդիսատեսի կողմից և մեծ շանսեր ունի` վայելելու հանրության սերը:

 

Նելլի Ավետիսյան