«Անցյալի ստվերներ» սերիալում Սոնային մարմնավորած Իննա Խոջամիրյանին ESem.am-նանդրադառնալու առիթ ունեցել է: Վերջերս մեզ հայտնի է դարձել, որ Իննան նկարահանվել է «The Beautified project» խմբի նոր տեսահոլովակում:

 

Իննայի խոսքով` խմբի գործունեությանը վաղուց է հետևել: «Նրանց առաջիկա տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը հենց Անդրե Սիմոնյանից եմ ստացել դեռևս խմբի «Black Wooden Nest» երգի պրեմիերայի ժամանակ, այդ ժամանակ Անդրեն նշեց. «I think your image is perfect for our sound»»,- պատմեց Իննան, ով առաջին անգամ է տեսահոլովակի հերոսուհու մարմնավորում:

 

ԵՊՀ-ի Հոգեբանության ֆակուլտետում սովորող Իննայի փոխանցմամբ` «Կիլիկիա» երգից 5 տարի անց խումբը որոշել է կրկին հայալեզու երգ թողարկել: «Այն ոչ միայն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այլ խումբը երաժշտության լեզվով անդրադարձ է կատարում ևս մի կարևորագույն խնդրի՝ արտագաղթին: Երգը «Արագիլն» է»,-պատմեց նա:

 

Ըստ Իննայի` նման առաջարկից հրաժարվելն անմտություն կլիներ իր կողմից: «Փոխարենը՝ հպարտորեն իրականացրի առաքելությունս` ներդրում ունենալով նման հայրենանվեր գործունեության մեջ: Միտում կար գործածել ժեստերի լեզուն, որովհետև, ինչպես նշում է Անդրեն, «աշխարհը մինչ օրս խուլ ու համր է Ցեղասպանության խնդրի հանդեպ,- շեշտեց Իննան՝ ավալացնելով,-տեսահոլովակում երգի բառերը վերարտադրում եմ ժեստերի լեզվով, չնայած շարժումները փոքր-ինչ լիրիկական ու պարային են:

 

Հատված կա նաև, որտեղ պարում եմ: Հատկանշականն այն էր, որ տեսահոլովակի նկարահանումներին մի քանի օր էր մնացել, երբ սկսեցինք զբաղվել ժեստերի լեզվի ու պարային հարցերով, և հաշված օրեր ունեի բոլորովին անծանոթ լեզու, պարային նոր շարժումներ յուրացնելու համար: Բարեբախտաբար, 4-րդ օրն ամեն ինչ պատրաստ էր»:

 

 

Տեսահոլովակի նկարահանումներն անցել են Փոքր թատրոնում, քանի որ որպես նկարահանման հրապարակ՝ խումբն ու ռեժիսորական անձնակազմն ընտրել էր սև  ֆոնային տարածք: «Երաժշտական բոլոր գործիքները սև էին ներկված, խմբի անդամների հագուստը ևս սև էր, և միայն «արագիլն» էր սպիտակ վերնաշապիկով: Երգի թեմատիկային համապատասխան որոշված էր այս անգամ խուսափել գունային կադրերից»,-շեշտեց զրուցակիցս:

Սերիալային դերասանուհու տեղեկացմամբ՝ տեսահոլովակի աշխատանքները դեռ ավարտված չեն, սակայն պրեմիերան կլինի շուտով`մայիսի սկզբին:

 

 

Անդրադառնալով որպես դերասանուհի ներկայանալուն, Իննան նշեց, որ այժմ փորձում է հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալել իր մասնագիտական ոլորտում: «Երկու տարբեր ոլորտներ համատեղելը, որոնք երկուսն էլ լուրջ մոտեցում և պատասխանատվություն են պահանջում, փոքր-ինչ դժվար է: Ամենևին աչքաթող չեմ արել դերասանական ասպարեզը, այժմ գիտական աշխատանք եմ գրում դերասանի հոգեբանության, դերասան-հանդիսատես (հեռուստադիտող) կապվածության և դերասանի անձնային հատկանիշների վրա կերպարի ազդեցության մասին: Չի բացառվում, որ տեսականից շուտով պրակտիկ դաշտ անցնեմ»,- եզրափակեց 19-ամյա Իննան: