24-ամյա Հայկ Շաբանյանը Հայաստանի աչքի ընկնող երիտասարդներից է: Ոմանք նրան ճանաչում են՝ որպես մոդելի, ոմանք՝ որպես բլոգերի, իսկ մի մասն էլ փողոցում նրան տեսնելիս՝ կարծում է, թե Տիմատին է շրջում Երեւանով: Ռեփերի եւ հայ մոդելի նմանությունն անտարբեր չի թողել նաեւ Տիմատիի թիմի տնօրենին՝ Կիրիլ Վալենտինովիչին, որն էլ օրերից մի օր նկատելով հայ երիտասարդին՝ առաջարկել է նկարահանվել Տիմատիի նոր տեսահոլովակում, որի նկարահանումներն անցնում են Երեւանում: Հայկը տեսահոլովակի որոշ դրվագներում փոխարինում է Տիմատիին:

NEWS.am STYLE-ը մոդելի հետ զրուցել է ռուսական շոու-բիզնեսի հայտնի ռեփերի հետ անհավանական նմանության եւ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներից:

Հայկը պատմում է, որ Կիրիլն իրեն հանդիպել է Թումանյան փողոցում՝  զբոսանքի ժամանակ.

«Նա մոտեցավ ինձ ու ասաց, որ շատ նման եմ Տիմատիին՝ այդպիսով առաջարկելով նկարահանվել նրա նոր տեսահոլովակում»:

Առայժմ երիտասարդը չի կարող բացահայտել տեսահոլովակի բոլոր մանրամասները, սակայն որոշ պարզաբանումներ արեց.

«Կարող եմ ասել, որ տեսահոլովակը Տիմատիի եւ Նազիմայի նոր երգի հիման վրա է, իսկ նկարահանումն անցկացնում էր Hoodyakov Production-ը, ռեժիսորը Զաուր Զասեեւն է: Բացի «Էրեբունի» բժշկական կենտրոնից՝ նկարահանումներ են եղել նաեւ երեւանյան ռեստորաններից մեկում: Նկարահանումներ նախատեսված են նաեւ քաղաքից դուրս՝ Գառնիում, Սեւանում եւ այլ վայրերում»:

Հայկը տպավորված է նկարահանման ամբողջ ընթացքից: Ասում է՝ այն տարբերվում էր հայկական աշխատելաոճից, բայց այնքան հետաքրքիր է անցել, որ ոչ մի տիպի հոգնածություն չի զգացել՝ չնայած երկարատեւ ընթացքին:

Հետաքրքիր էր նաեւ իմանալ՝ արդյոք Տիմատին, իսկապես, մեծամի՞տ էր նկարահանման հրապարակում, ինչպես հաճախ նկարագրում են՝ նրա մասին խոսելիս.

«Նախ ասեմ, որ նա շատ պրոֆեսիոնալ է: Ինձ թվում է՝ ոչ թե մեծամիտ է, այլ ստիպված է իրեն այդպես պահում, քանի որ հակառակ դեպքում՝ իրեն անընդհատ կշեղեն գործից: Ամբողջ նկարահանման ընթացքում նա հիմնականում շփվում էր միայն Նազիմայի եւ ռեժիսոր Զաուրի հետ»:

Երիտասարդ բլոգերն ասում է՝ ինքն անձամբ իրեն չի նմանեցնում Տիմատիին, սակայն կողքից շատ է լսում նման համեմատություններ: Բնականաբար, այդ նմանությունը հաճախ զավեշտալի դեպքերի առիթ է հանդիսանում.

«Դեպքերից ամենահետաքրքիրը, երեւի, այն էր, որ Տիմիատիի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած առաջին մենահամերգի ժամանակ ինձ հետ նկարվեց մոտ 300 եւ ավելի մարդ: Մի մասը, պարզապես, նմանեցրել էին ինձ նրան, իսկ մյուս կեսը շատ լուրջ մտածել էր, թե ես Տիմատին եմ (ծիծաղում է)»:

Հայկի խոսքով՝ տեսահոլովակի պրեմիերան կկայանա գարնան վերջին, իսկ ինչ վերաբերում է ռեփերի հետ հետագա համագործակցությանը՝ նշեց.

«Քանի որ ինձ տեսահոլովակի պրոդյուսերներն ու տնօրենը բավականին հավանել են, կարծում եմ՝ դեռ կլինեն համագործակցության այլ առաջարկներ, բայց հաստատ ոչինչ չեմ կարող ասել»:

 

Աղբյուրը՝ news.am