Այսօր «Россия» հեռուստաալիքով մեկնարկեց 4 մասից բաղկացած «Правила охоты. Штурм» մարտաֆիլմը, որի գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանի հետ զրույցը ESem.am-ը ներկայացրել է իր ընթերցողներին: Ֆիլմում կանանցից մեկին մարմնավորում է դերասանուհի Աննա Հարությունյանը, ով բավականին երկար ժամանակ էկրաններին չէր և հիմնականում զբաղված էր թատրոնում:

 

 

ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ իր կերպարն առանցքային էր այնքանով, որ կարակահերթ բացելով՝ մոտ 20 մարդու փրկություն է դառնում: Նկարահանումները հեշտ չեն եղել, սակայն դերասանուհին հաղթահարել է բոլոր փորձություններն ու վտանգները: Այս դերը մարմնավորելու համար Աննային պետք է եկել ֆիզիկական պատրաստվածությունը:)

 

«Գուցե զարմանալի թվա, բայց մարտաֆիլմն իմ ժանրն է: Դեռ մանկուց, երբ դիտում էի նմանատիպ ֆիլմեր, թաքուն ցանկանում էի ինքս էլ հանդես գալ ֆիզիկապես լավ պատրաստված, զենքին լավ տիրապետող դրական կամ բացասական կերպարով»,- հիշեց Աննան՝ նշելով, որ ֆիլմում մարմնավորում է հասարակ աղջկա, ով պատահականորեն հայտնվում է պատմության կիզակետում:

 

 

Նկարահանումների ժամանակ զենք օգտագործելն այնքան է դուր եկել դերասանուհուն, որ որոշել է գնալ անհատական պարապմունքների և իրականացնել մանկության երազանքը:):

 

Աննան առաջին անգամ է ներկայանալու ռուս հանդիսատեսին: Նա նշեց, որ հետաքրքիր էր աշխատել ռուս դերասանների հետ, որոնցից մեկի հետ նույնիսկ ընկերացել է: «Յուրաքանչյուր աշխատանք քեզ համար դառնում է անձնագրի էջ: Այն կարող ես համարել ձեռքբերում կամ անհաջողություն, բայց երկու դեպքում էլ այն քոնն է»,- ասաց դերասանուհին, ով թեև դեռ չի հասցրել դիտել ֆիլմը, այն համարում է իր ձեռքբերումներից:

 

 

Նրա խոսքով՝ ոչ միայն աշխատել է, փորձ ձեռք բերել և հաճույք ստացել, այլև ծանոթացել այնպիսի հրաշալի մարդկանց հետ, ինչպիսիք են նկարիչ Արմեն Ղազարյանը, բեմադրող գլխավոր օպերատոր Արթուր Խարատյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Նա շեշտեց, որ թիմի անդամներից յուրաքանչյուրն իր գործի վարպետն էր:

Աննան նշեց, որ առաջին անգամ էր համագործակցում նաև ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ, ինչի համար շատ ուրախ է: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ռեժիսորի հաջողության մի մեծ մասը կախված է դերասանին սիրելու աստիճանից, իսկ Հրաչը սիրում է իր սրտի ողջ կորովով, ուստի՝ նրա հետագա հաջողություններն անխուսափելի են: Երբեք չեմ մոռանա նրա՝ վախից քարացած դեմքը, երբ վտանգավոր տեսարաններից մեկում մտածեց, թե ինձ վնասել եմ: Այս հոգատարությունը տեսնելով դերասաններս երեխայի պես ամբողջ ուզով ուզում ենք գոհացնել ռեժիսորին»,- ասաց դերասանուհին ու շնորհակալություն հայտնեց այսպիսի հետաքրքիր աշխատանքային հնարավորության համար: 

 


Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը