Երգիչ Գևորգ Բարսամյանին ESem.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Երգիչը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի նոր աշխատանք, որի մանրամասներն ու նկարահանման հրապարակում արված լուսանկարները առաջինը ESem.am-ին է վստահել:
Երգչի նոր տեսահոլովակը նկարահանվել է «Օրը եկել է» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի գրել են նա և Արսեն Խաչատրյանը: «Վիկա Բարսամյանը ոչ միայն քույրս է, այլև այս տեսահոլովակի ռեժիսորը. սա նրա առաջին աշխատանքն է»,- մեզ հետ զրույցում ասաց երգիչը:
Նրա խոսքով` քույրը ներկայացրել է սյուժեն, որը միասին մշակել են: Ըստ Գևորգի` տեսահոլովակն ու երգը բոլորի համար են. դրանում նկարագրվված են մարդու կյանքի կարևորագույն օրերը: «Կյանքում ամենակարևոր օրերից են երեխայի ծնունդը, զավակի՝ բանակից զորացրվելը, ամուսնությունը, Նոր տարին»,- ասաց Գևորգը և հույս հայտնեց, որ տեսահոլովակը դիտելիս յուրաքանչյուրն իրեն հարազատ ինչ-որ բան կգտնի:
Տ եսահոլովակի նկարահանումները տևել են երկու օր՝ Երևանի տարբեր վայրերում: Երգչի փոխանցմամբ` նկարահանման առաջին օրվան ինքն ընդհանրապես չի մասնակցել: «Որպես դերակատար իմ մասնակցությունը տեսահոլովակում այնքան էլ մեծ չէ. հոլովակի միայն վերջում եմ հայտնվում՝ հարսանիքի ժամանակ շնորհավորում եմ նորապսակներին»,-ասաց Գևորգը ու հավելեց, որ փեսացուին մարմնավորել է մոդել Վարդան Մնացականյանը:
Ըստ երգչի՝ նկարահանման հրապարակում հետաքրքիր դեպքերի պակաս չեն ունեցել: «Երկրորդ օրն ուղիղ 24 ժամ նկարահանում ենք արել. օրն ավարտվել էր, իսկ մենք դեռ երկու տեսարան էլ ունեինք նկարելու: Ստեղծագործական թիմն այնքան հոգնած էր, որ բոլորը մի քանի ժամ քնեցին, որից հետո միայն կարողացանք շարունակել նկարահանումները»,-պատմեց երգիչը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը