Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր լիամետրաժ անիմացիոն կինոնկար է նկարահանվում, որի գլխավոր հերոսները պլաստիլինե տիկնիկներն են: «Իմ սիրտը» անիմացիոն ֆիլմի հիմքում Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքն է: Կինոնկարն արդեն հինգ տարի նկարահանում են երիտասարդ մասնագետներ Մոսկվայից: Ֆիլմի բեմադրող նկարիչ Իլյա Յուդովիչին և պրոդյուսեր Վլադիմիր Լապինին Հայաստան է բերել Երևանի միջազգային «ՌեԱնիմանիա»  6-րդ անիմացիոն կինոփառատոնը, որի շրջանակում նրանք հանրությանը պատմեցին իրենց կինոնկարի մասին:


Ֆիլմը երազանքի, ներքին ազատության, արժանապատվության, իմաստության, կարեկցանքի մասին է և ցույց է տալիս, որ ամենախենթ երազանքն անգամ կարող է իրականանալ, եթե բավականաչափ խենթ ես դրա համար: Ֆիլմի հեղինակներին ոգեշնչել է Սարոյանի սերը մարդու, նրա բոլոր թուլությունների, տարօրինակությունների ու անմտության հանդեպ, որոնց տակ միշտ ինչ-որ ջերմ, բարի ու պարզ բան է թաքնված:

 

 

 

Ֆիլմի բեմադրող նկարիչ Իլյա Յուդովիչն ընդգծեց, որ ուրախ է լինել Հայաստանում: «Ինձ համար մեծ պատիվ է խոսել այս նախագծի մասին Հայաստանում: Ուրախ եմ, որ մենք այստեղ ենք, և ես հենց այստեղ եմ ներկայացնում այս նախագիծը: Հավատում ենք, որ այն իրականություն կդառնա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Իլյա Յուդովիչը:

 

Նա հայ կինոսերներին ներկայացրեց կադրեր ֆիլմից, խոսեց հերոսների և, ընդհանուր առմամբ, կինոնկարի պատմության մասին:

 

«Այստեղ տարբեր պատմություններ են խաչվում. ստեղծագործությունն ազատության մասին է: Բացի այդ, երկրորդ կարևոր գիծն է հայրենիքի կորուստը: Սարոյանին շատ եմ սիրում, հրաշալի մտքեր ունի»,- հավելեց նա:

 

Ֆիլմի պրոդյուսեր Վլադիմիր Լապինն ընդգծեց, որ կինոնկարը հայերեն է լինելու: «Հինգ տարվա ընթացքում նկարահանվել է ֆիլմի կեսը՝ 30 րոպեն:  Ֆիլմը նկարահանվում է Ռուսաստանում՝ փոքրիկ սենյակում: Եկել ենք գտնելու մարդկանց, ովքեր մեզ հետ կաշխատեն, կաջակցեն: Քանի որ առջևում 2015 թվականն է, ցանկանում ենք արագացնել գործընթացը. հույս ունենք գտնել ֆինանսական միջոցներ և ավարտին հասցնել այն: Ավարտելու համար նախնական 18-20 միլիոն ռուբլի գումար կպահանջվի, որոնք կծախսենք ֆիլմի ստեղծման վրա»,- հայտնեց նա:

 

 

 

«Իմ սիրտը» անիմացիոն ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբի հայ տարագիրների ընտանիքից սերող 9 և 14 տարեկան երկու պատանիների մասին: Տղաների երազանքը ձի հեծնել սովորելն է: Նրանք հինավուրց, շատ աղքատ, բայց շատ ազնիվ ընտանիքից են և, իհարկե, չէին կարող այդ հրաշալի սպիտակ ձին գողանալ հարևան ագարակատեր Ջոն Բայրոյից, նրա խաղողի այգու ծայրին գտնվող ծռված ախոռից: Սպիտակ ձին ինքն է հայտնվել, ինչպես մի բան, որ չի կարող լինել, բայց շատ ես ուզում, որ լինի: Տղաների ցանկությունն այնքան մեծ է եղել, որ սպիտակ ձին հայտնվել է: Բացի դրանից, նրանց պապը միշտ ասում է. & laquo;Կորած ձին ի՞նչ է. ոչինչ է, եթե հայրենիք ես կորցրել»: Նրանք այդ ձիուն «Իմ սիրտն» են անվանել:

 

Ռեժիսոր, բեմադրող նկարիչ Իլյա Յուդովիչը ծնվել է 1982-ին, Չելյաբինսկի շրջանի Զլատուստ քաղաքում: 2008-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և ամերիկյան «Բարդ Քոլեջ» համալսարանի համատեղ «Ժամանցիկ արվեստ» ծրագիրը: 2009-ից աշխատում է իր առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի՝ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորման՝ «Իմ սիրտը» ֆիլմի վրա: 2012-ից սովորում է Մոսկվայի նոր կինոդպրոցում` խաղարկային ֆիլմերի ռեժիսորի մասնագիտացմամբ:

 

Պրոդյուսեր Վլադիմիր Լապինը ծնվել է 1982-ին, Մոսկվայում: 2006-ին ավարտել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի կիրառական ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինը: Այդ ժամանակից ի վեր աշխատել է ռուսական և միջազգային բիզնեսի տարբեր ոլորտներում (կառավարման խորհրդատվություն, ներդրումային բանկային գործ, ֆիլմերի տարածում, կինոյի ոլորտի լրագրություն): 2010-ից աշխատում է իր առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի՝ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորման՝ «Իմ սիրտը» ֆիլմի վրա: Այժմ աշխատում է նաև ռուսական կինոարտադրության հետ այս կամ այն կերպ կապված մի շարք նախագծերի վրա: