«Վիտամին» ակումբը կրկին եթերում է. հումորային նախագիծը նոր եթերաշրջանում քննարկումների տեղիք տվեց ակնառու երկու փոփոխությամբ. Զառայի ներկայությունն ու Չարենցի բացակայությունը:

«Վիտամին» ակումբի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ տևական դադարից հետո ակումբի անդամները վերադարձել են թարմ ուժերով:

 

 

Անդրադառնալով Զառայի հետ կրկին համագործակցելուն՝ նա հայտնեց, որ թիմերի բաժանումից հետո որևէ թշնամանք, կոնֆլիկտային հարաբերություն չի եղել անդամների միջև: «Առաջարկը եղել է մեր կողմից: Այն համընկավ Զառայի զբաղվածության այնպիսի շրջանի հետ, որ համագործակցությունը ստացվեց,- ասաց «Վիտամինի» պրոդյուսերն ու հավելեց,- Կարծում եմ՝ մարդիկ հաճելիորեն կզարմանան նրան ներկայությունից, եթե անգամ կարծում էին, որ մեր միջև այլևս համագործակցություն չի լինի»:

 

 

Ինչ վերաբերում է Չարենցի բացակայությանը, որը, ըստ որոշ հրապարակումների, պայմանավորված է Գերմանիայում բնակություն հաստատելու նրա ցանկությամբ՝ Վլադիմիրն ասաց, որ այժմ մի փոքր անորոշություն կա այդ հարցում և հստակ տեղեկություններ տալ կկարողանա ավելի ուշ:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը