Պարզել թուրքերի հոգեբանությունը` հասկանալու համար, թե ինչու են նրանք Ցեղասպանություն կատարել: Թարգմանիչ, գրականագետ Մարո Մադոյանի գնահատմամբ` հենց այս առաքելությունն է իր առաջ ունեցել գրող Մարկ Մուսյանը «ժանդարմը» ստեղծելու ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարո Մադոյա նը շեշտում է, որ մենք միշտ մեկ կողմից ենք դիտել թուրքի կերպարը: «Թշնամուն երբեք չենք մարդացրել, մինչդեռ Մարկ Մուսյանն իր գրքով մարդացրել է եւ նրան ներկայացնում է ոչ թե հրեշի, այլ մարդու կերպով. մարդկային սովորական մի հոգեբանություն, որ հատուկ է նաեւ ժանդարմին:

 

Թուրքիային մարդացնելով` Մուսյանն ուզում է ասել, որ մինչեւ մարդկային կերպար չտանք թուրքին, չենք կարող նրանից ինչ-որ բան պահանջել»,- ասաց Մարո Մադոյանը` հավելելով, որ ամենայն հավանականությամբ մինչեւ ապրիլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը,  գիրքը լույս կտեսնի:


Մադոյանը պատմում է, որ Մարկ Մուսյանը, ով ԱՄՆ-ում հայտնի փաստաբան էր, գիրքը գրելու ընթացքում է պարզել ոչ միայն հայի եւ Հայաստանի հետ իր կապերը, այլեւ հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը: Ըստ Մադոյանի, մեկ անգամ հանդիպման ժամանակ Մուսյանից ճշտել են, թե արդյոք տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին, եւ վերջինս վատ է զգացել, որ, հայկական արմատներ ունենալով, տեղյակ չէ այդ պատմությանը:    


«Մուսյանն իր պարտքն է համարում ուսումնասիրել Ցեղասպանությունը եւ որպես փաստաբան, քաղաքացի, հասկանալ, թե ինչ է կատարվել մի ժողովրդի հետ, ում հետ նա կապ ունի: Այդ նպատակով նա մեկնում է Դեր Զոր, մարդկանց հետ զրուցում` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել»,- ասում է Մադոյանը` հավելելով, որ այցելությունների արդյունքում էլ ծնվել է «Ժանդարմը» գիրքը:

 

Գիրքը թուրք ժանդարմի եւ հայ աքսորյալ աղջկա սիրո պատմությունն է: Գիրքն ավարտվում է հակասական զգացմունքներով, և օր ծերության ժանդարմը հասկանում է իր գործած սխալն ու ներողություն խնդրում: Գիրքը ԱՄՆ-ում արժանացել է «Ոսկե գիրք» մրցանակին: