Առաջին անգամ ամբողջական համերգով հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ելույթ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Այս մասին հոկտեմբերի 21-ին Երևանում կայանալիք համերգին նվիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց դաշնակահար Տիգրան Համասյանը: «Նախկինում միայն մեկ անգամ եմ ելույթ ունեցել այդ բեմում՝ 19 98 թ. ջազ փառատոնի ժամանակ, երբ ընդամենը մեկ գործ եմ նվագել: Այս համերգի երգացանկը բաղկացած է լինելու իմ նախորդ «Ստվերների թատրոն» (Shadow Theater) ձայներիզից և Համասյան տրիոյի (Տիգրան Համասյան, բաս կիթառահար Սեմ Մինայի և հարվածային երաժիշտ Արթուր Հնաթեք) հաջորդ տարի թողարկվելիք ձայներիզի ստեղծագործություններից: Լինելու են նաև այնպիսի գործեր, որոնք դեռ չեն ձայնագրվել», - ասաց Տիգրան Համասյանը:

 

Հոկտեմբերի 28-ին կայանալիք համերգին կներկայանա հենց Համասյան տրիոն: «Հայ ուկնդրին նաև կներկայացնենք իմ հին ստեղծագործություններից, սակայն նոր տարբերակով: Միշտ էլ ստեղծագործության ձայնագրումից որոշ ժամանակ անց այն կատարում ենք այլ կերպ, քանի որ այն իմպրովիզացիոն բնույթի ապրող երաժշտություն է, որն անընդհատ ենթարկվում է փոփոխության», - ասաց Տիգրան Համասյանը:

 

«Արմենպրես»-ի հարցին` արդյոք լսո՞ւմ է իր ստեղծագործությունները, Տիգրան Համասյանը պատասխանեց, որ անմիջապես ձայնագրումից հետո է միայն լսում իր կատարումները և այնուհետ չի կարողանում լսել դրանք: Սակայն փորձում է ժամանակ առ ժամանակ լսել կենդանի կատարումները, որպեսզի գնահատի ստեղծագործության փոփոխությունը: «Իմ ստեղծագործությունների մեծամասնության հիմքում ընկած է հայ երաժշտությունը, սակայն վերջին երկու տարվա ընթացքում առավել շատ եմ ուսումնասիրում հայ հոգևոր երաժշտությունը: Համաշխարհային հանրությանն էթնիկ երաժշտության ճիշտ մատուցման համար անհրաժեշտ է տարիներով մանրամասն ուսումնասիրել ազգային երաժշտությունը», - նկատեց Տիգրան Համասյանը:

 

Յուրաքանչյուր երաժշտի կյանքում եղել են անձինք կամ իրադարձություններ, որոնք հանդիսացել են յուրօրինակ մեկնարկ հետագա մասնագիտական վերելքի համար: Տիգրան Համասյանն «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞վ իր կյանքում խաղաց նմանատիպ կարևոր դեր, նա պատասխանեց, որ իր կյանքում եղել են մի քանի անձինք, ովքեր օգնել են իրեն մասնագիտական շրջանակներում համբավի հասնելու մեջ: «Առաջին հերթին իմ հորեղբայրն էր, ով երեք տարեկանից եղել է իմ կողքին, և նրա շնորհիվ ես հասել եմ ամեն ինչի: Երևանի երկրորդ ջազային փառատոնի ժամանակ, որը տեղի է ունեցել 2000 թվականին, հանդիպեցի դաշնակահար Ստեֆան Կոչոյանին, ով ելույթ էր ունենում իր տրիոյով: Նա նաև Ֆրանսիայում մի քանի ջազային փառատոնների գեղարվեստական ղեկավարն է: Հրավեր ստանալով նրանից` մեկ և կես տարի անց մասնակցեցի Ֆրանսիայում տեղի ունեցող երաժշտական փառատոնների: Դրանք եղան իմ առաջին համերգները Հայաստանից դուրս և առաջին քայլերը համաշխարհային պրոֆեսիոնալ ասպարեզում», - հավելեց Տիգրան Համասյանը:

 

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Երկու տարեկանից նա սկսում է լուրջ հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Ռադիոն, ձայնագրիչն ու երաժշտական գործիքները տղային ցանկացած խաղալիքից ավելի էին գրավում: Արդեն երեք տարեկանում նա անսխալ կարողանում էր երգել մեղեդիներ այնպիսի լուրջ խմբերի երգացանկից, ինչպես` The Beatles, Led Zeppelin, Queen, սակայն նա առանձնակի հաճույքով երգում էր Լուի Արմստրոնգի (Louis Armstrong) երգերը: Յոթ տարեկանում լիովին արտահայտվում է նրա սերը ջազի հանդեպ. նա ողջ օրը սկսում է լսել ջազային տարբեր ոճերի ստեղծագործությ ուններ և փորձում իմպրովիզացիա անել դաշնամուրով: Այնուհետև Տիգրանն ընդունվում է երաժշտական դպրոց:

 

1997 թվականին Համասյանի ընտանիքը տեղափոխվում է Երևան, և նա ջազով լրջորեն զբաղվելու հնարավորություն է ստանում: Այնուհետև նա մշտական բնակության է մեկնում  ԱՄՆ: Այսօր Համասյանի երաժշտությունը բարձր գնահատականի է արժանանում երաժշտագետների կողմից, որոնք սփռված են ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա: