Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը հոկտեմբերի 1-5-ը կանցկացվի «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Այն հիմնադրվել է 2004 թվականին, իսկ 2007 թվականից այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոարվեստում, ինչպես նաև նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը:
Իր գործունեության ընթացքում «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը ձեռք է բերել լայն ճանաչում ու հեղինակություն: Կինոփառատոնի մրցութային ծրագրերին մշտապես մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և այլն:
«Ես եմ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնին ներկայացված 118 ֆիլմերից ընտրվել և մրցութային ծրագրերում կցուցադրվեն շուրջ 60 ֆիլմ: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը: Կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կընձեռվի երիտասարդ կինոգործիչներին մասնակցելու ժամանակակից կինոարտադրության թեմայով քննարկումների:
Կինոփառատոնն անցկացվում է «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ: Կինոփառատոնի ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան, Նարինե Ջրբաշյան, Ռուբեն Երզնկյան, Արամ Գյուրջյան: Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը:
«Ես եմ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի կազմակերպչական աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Փառատոնի օրերին լույս կտեսնի «+Կինո» ամսագրի հատուկ համարը: Կինոփառատոնի փակումը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:
Կինոփառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ: