«Հայկական երաժշտության պատրիարքը Մոսկվայում» վերտառությամբ հոդվածը, որը նվիրված է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, զետեղվել է Համառուսական երաժշտական տեղեկատվական թերթում:«Արմենպրես»-ը հատվածաբար ներկայացնում է «Играем с начала» թերթի թղթակցի հոդվածը Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովյան դահլիճում սեպտեմբերի 5-ին կայացած ` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին նվիրված համերգի մասին:
«Տիգրան Մանսուրյանը մեր «հանճարեղ եռյակի»` Ալֆրեդ Շնիդկեի, Էդիսոն Դենիսովի, Սոֆիա Գուբայդուլինայի, ինչպես նաեւ Անդրեյ Վոլկոնսկու, Վալենտին Սիլվեստրովի, Արվո Պյարտի դաշնակիցն ու ընկերն է: Ինչպես նրա սերնդի շատ նոնկոնֆորմիստներ, Մանսուրյանը ևս իր ստեղծագործական կյանքում ունեցել է ավանգարդով տարվելու, դոդեկաֆոնիա ուսումնասիրելու ընթացք, իսկ հետո նրա ոճը սկսել է զարգանալ առավել մատչելիության ուղիով: Բայց նույնիսկ 1960-1980-ականներին նրա երաժշտությունը երբեք չի եղել արևմտյան երաժշտության պարզ կրկնօրինակում: Նրա ստեղծագործությունները հայկական ազգային ավանդույթների ու եվրոպական նորարության համակցություն են:
Մանսուրյանի երաժշտությունը մեծ մասամբ ներքին ուղղվածության է, այն չի բացվում առաջին իսկ ունկնդրումից... Կոմպոզիտորին գրավում են ամենատարբեր ժանրեր, որոնց թվում` բալետ, ռեքվիեմը, գործիքային կոնցերտը, մեներգային և երգչախմբային վոկալ ցիկլեր, ունի նաև ֆիլմերի համար գրված մեղեդիներ… Հանդիպման սկզբում Տիգրան Մանսուրյանը հանդիսատեսին զգուշացրեց, որ այնքան էլ չի պատկերացնում իր ու լսրանի շփման ձևը, և այնպես ստացվեց, որ հանդիպումը վերածվեց նրա մենախոսության` յուրահատուկ գիտակցության հոսքի»,-գրում է հեղինակ Իրինա Սեվերինան, ով հոբելյանական երեկոյի ավարտին հնարավորություն է ունեցել զրուցել մաեստրո Մանսուրյանի հետ…
Տիգրան, հանդիպման ժամանակ Դուք խոսեցիք միաձայնության` որպես վերջին տարիների Ձեր երաժշտությանհիմնական սկզբունքի մասին: Բայց չէ՞ որ, իրականում, Ձեզ մոտ ուղղահայաց է գոյանում: Որքանո՞վ եք Դուք այնվերահսկում և ինչպե՞ս:
-Միաձայնության մեջ կան տոներ, որոնք երկար են հնչում, քան մյուսները, այդպիսի երկարացված հնչյուններից էլ ձևավորվում է ուղղահայացը: Այդ հնչյունները մենք ընկալում ենք որպես մոդալ կենտրոններ...Պատկերացրեք վիբրաֆոն, որի որոշ հնչյուններ առավել ուժգին են հնչում, իսկ մյուսները համապատասխանաբար`թույլ, ուրեմն,տևողությամբ ավելի երկար կհնչեն ուժգին հնչող տոները: Ուղղահայացը բխում է հորիզոնականից, և այդ ուղղահայացը ես, իհարկե, վերահսկում եմ. այն չպետք է դուրս գա ընտրված հնչյունային սանդղակի սահմաններից: Եթե ուշադիր հետևեք Վիտոլդ Լուտոսլավսկու պա րտիրտուրին, պարզ կդառնա, որ այն, ըստ էության, միաձայն է, որից նույն այդ սկզբունքով էլ բխեցված է բազմաձայնությունը:
-Այսինքն` Ձեզ համար առաջնային է միաձայնությունը, իսկ բազմաձայնությունը երկրորդայի՞ն:
-Այո, եթե չկա գերիշխող մեղեդային գիծ, ես չեմ կարող հաղորդակից լինել երաժշտության մեջ:
-Կարելի՞ է Ձեր այդ սկզբունքն անվանել հետերոֆոնիա:
-Իհարկե, կարելի է: Ես նաև կասեի, որ իմ երաժշտությունը չեմ ենթարկում այս կամ այն կառուցողական սկզբունքին, թեև սկզբունքներից թե° մեկը, թե° մյուսը ներկա են վերաիմաստավորված ձևով: Դա միաժամանակ և° կապ է, և° խուսափումը դրանից...
-Դուք խոսեցիք այն մասին, որ Կոմիտասին հաջողվել է լուծել արևելյան կոմպոզիցիայի խնդիրը: Կարո՞ղ եք ավելիմանրամասն ասել, թե ինչպես:
-Նա զարգացրել է կոմպոզիցիոն մտածողության այն սաղմերը, որոնք Արևելքում արդեն կային, նրա ստեղծագործություններն իրենց բնույթով արևելյան են: Միևնույն ժամանակ արևելյան իմպրովիզացիան նոտագրելը գործնականում անհնար է առանց այդ երաժշտության համար հսկայական վնասի:
-Դա նույնն է, որ ձայնագրես սվի՞նգը:
-Իհարկե, կոմպոզիտորի համար դա մեծ ռիսկ է: Դա նույնն է, որ բռնես թիթեռը, չորացնես ապակու տակ և դրանից հետո նրանից պահանջես երբեմն թռչել:
-Ձեր կոմպոզիտորական մտածողությունն իր բնույթով ևս արևելյան է: Ո՞րն է դրա անհատական յուրահատկությունը:
-Արևելքը. այն գույների, խրոմատիկ երաժշտության աշխարհ է...
-...Եվ նույնիսկ միկրոխրոմատիկայի:
-Այո, իսկ իմ Արևելքը դիատոնիկ է: