Ամերիկացի երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ռեկորդ է սահմանել Billboard չարտում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հրատարակությանը:
Սթրեյզանդը դարձել է միակ երաժիշտը, որի ալբոմները Billboard 200 չարտը գլխավորել են վերջին վեց տասնամյակներից յուրաքանչյուրում: Այժմ չարտի առաջին տեղում 72-ամյա երգչուհու Partners նոր ալբոմն է, ընդ որում՝ այն վարկանիշում մեկնարկել է առաջին հորիզոնականից: Բացի այդ, սա Սթրեյզանդի տասներորդ ալբոմն է, որը չարտում զբաղեցրել է առաջին տեղը:
Ալբոմը հրատարակվել է Columbia Records լեյբլով, և մինչև անցյալ շաբաթվա վերջը վաճառված կրկնօրինակների թվաքանակը հասել է 196 հազարի: Սա նաև այս տարի առաջին շաբաթվա վաճառքների լավագույն արդյունքն է իգական սեռի կատարողի համար:
Billboard-ի չարտը գլխավորած տասն ալբոմներով Սթերեյզանդը հասել է Էլվիս Փրեսլիի և Բրյուս Սփրինգսթինի արդյունքին: Չարտն ավելի շատ գլխավորել են միայն The Beatles-ը (19) և Jay Z-ը (13): Կանանց շրջանում Սթրեյզանդը ռեկորդակիր է:
Երգչուհու՝ Billboard-ի չարտը գլխավորած առաջին ալբոմը լույս Է տեսել 50 տարի առաջ: Դա People սկավառակն էր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: