Այս թեստը խորհուրդ է տրվում կիրառել մտերիմների շրջանում: Դա հնարավորություն կտա բացահայտել նրանց «մութ» կողմերը (եւ՝ ոչ միայն), որոնց մասին միգուցե իրենք էլ չգիտեն: Փորձե՛ք. դա առնվազն հետաքրքիր է...

 

1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9):

2. Գրառեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի ձեր ամենասիրելի գույնը):

3. Գրառեք 5 գեղարվեստական կինոնկարի վերնագիր՝ դրանք եւս շարադրելով ըստ ձեր նախասիրության։

4. Գրառեք 5 երաժշտի (կամ՝ խմբի) անուն (դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության)։

5. Նկարեք 5 պարզ երկրաչափական պատկեր:

6. Նկարեք մեկ բարդ երկրաչափական պատկեր, որը մի քանի պարզերի համադրումն է:

 

Իսկ հիմա հերթը պարզաբանումներինն է:

1. Եթե մտապահել եք «1» թիվը, ուրեմն միշտ եւ ամենուրեք ձգտում եք առաջինը լինել: Եթե ընտրել եք «3» եւ «7» թվերից որեւէ մեկը, ապա հակված եք միստիցիզմի, քանզի այս թվերը բազում հավատալիքներում գերբնական նշանակություն ունեն: «5»-ը, բոլորիս է հայտնի՝ «գերազանցիկի» խորհրդանիշն է, որը մատնանշում է ձեր՝ գովեստների արժանանալու հակումը: Եթե դուք նախընտրել եք «9» թիվը, ապա ձեզ մոտ գերիշխում է հակասականության ոգին:

 

2. Ձեր ընտրած-գրառած գույները խոսում են այն մասին, թե դրանց կողմից խորհրդանշվող որակները ինչ առաջնահերթություն ու կարեւորություն ունեն:

 

Իմացեք՝ կարմիր գույնը խորհրդանշում է սեքս, կիրք, կռիվ, դարչնագույնը եւ մուգ կարմիրը՝ մարած կրքեր, վարդագույնը՝ եւս սեքս, մերկ մարմնի գույնը եւ սեւը՝ մելամաղձոտություն, երեւակայության անսահմանափակ թռիչք, մոխրագույնը՝ ձանձրույթ է խորհրդանշում, սպիտակը՝ անելանելիություն, կենսական փակուղին (պատահական չէ, որ հիվանդանոցներում այս գույնն է գերակշռում), կանաչը՝ խինդ ու էնտուզիազմ, դեղինը՝ կարոտ, կապույտը՝ երազանք: Յասամանագույնն ու մանուշակագույն երանգները խոսում են երազանքների ու սեքսի մասին:

 

3. Ձգտեք մանրակրկիտ վերհիշել գրառած ֆիլմերի այն հերոսներին, որոնք առավել շատ են գրավել ձեզ եւ որոնցով էլ պայմանավորված է ձեր նախասիրությունը այդ ֆիլմերի նկատմամբ: Դրանք այն կերպարներն են, որոնց ձեր իրական կյանքում փորձում եք նմանվել (եթե սեռը համընկնում է) կամ էլ երազում եք այդպիսի գործընկեր ունենալ (եթե հակառակ սեռի է): Ձեր թվարկած ֆիլմերի հերոսներին վերծանելով՝ կարող եք հասկանալ, թե ինչպիսին եք դուք տեսնում ինքներդ ձեզ կամ ձեր սիրելիին՝ ձեր երեւակայության մեջ:

 

4. Հետեւելով ձեր նախընտրած երգիչների, խմբերի երաժշտության ռիթմերին, կարող եք շատ բան պարզել ձեր իսկ խառնվածքի մասին:

 

Նախընտրելի երաժշտությունը կօգնի բացահայտել, թե ինչպիսին էր այն միջավայրը, որում մարդը մեծացել է, ինչպիսին է նրա ճաշակը եւ ընդհանուր դիրքորոշումը կյանքի նկատմամբ: Արագ եւ ուրախ ռիթմերը խոսում են կայտառ բնավորության, իսկ հանդարտ, թեթեւակի մելամաղձոտ նոտաները վկայում անձի երազկոտության մասին:

 

5. Հայտնի է, որ պարզ երկրաչափական պատկերներն են եռանկյունը, քառակուսին, շրջանը... Եթե ձեր նկարներում այս երեքից բացի՝ այլ պատկեր էլ կա, օրինակ՝ գալար, դա խոսում է ինտելեկտի, կոմպլեքսի մասին:

 

Իրականում մեզ շրջապատող բոլոր առարկաների հիմքում ընկած են այս երեք պարզ երկրաչափական պատկերները: Ուշադրությամբ զննեք, թե որ պատկերն է գերակշռում ձեր նկարներում եւ ինչ հերթականությամբ են դրանք դասավորված: Եռանկյունը բնորոշում է մարդու «փշոտ» լինելն ու ասոցացվում որպես ինքնասիրություն: Քառակուսին ուժի եւ կամքի խորհրդանիշ է համարվում, իսկ շրջանը՝ ֆիզիկական հաճույքների։

 

6. Բարդ երկրաչափական պատկերը հնարավորություն է տալիս առավել պարզ բնորոշել ձեր հակումները. անհրաժեշտ է հստակ հաշվարկել ձեր նկարած պատկերի բաղադրության մեջ մտնող քառակուսիների, եռանկյունիների ու շրջանների քանակը: Պարզեք, թե դրանցից որն եք ավելի շատ օգտագործել պատկերն ամբողջացնելու համար, փորձեք հասկանալ պատկերի կարեւորագույն բաղադրիչները, եւ ձեր խառնվածքի մասին կիմանաք առավելագույնը:

 

                                                                                                                                                            INFOmanka