Երևանյան բացօթյա համալիրներից մեկում նորաթուխ երգչուհի Իզաբելլան երեկ կազմակերպել էր իր նոր տեսահոլովակի՝ «Արմենիայի» պրեմիերան, որին նախորդեց նրա մամուլի ասուլիսը: Մոսկվաբնակ հայ երգչուհին լրագրողների հարցերին պատասխանում էր ռուսերեն, սակայն նշեց, որ սովորում է հայերեն և իր հայերեն երգը չի ուշանա:

 

Իզաբելլան 18 տարեկան է, սովորում է Անգլիայում, ուսումնասիրում է բիզնես մենեջմենթ, իսկ երաժշտական կրթություն ստանում է մասնավոր պարապմունքների միջոցով:

 

 

Երգչուհու փոխանցմամբ՝ «Արմենիա» կոչվող երգի խոսքերը գրել է ինքը, դեռևս 14 տարեկանում, երբ առաջին անգամ եղել է իր պատմական հայրենքիում՝  Հայստանում: Ըստ նրա՝ Հայաստանի մասին այլ երգերից այս ստեղծագործությունը տարբերվում է հենց նրանով, որ ինքն այն գրել է 14 տարեկանում, երբ սիրահարվել է Հայաստանին: Երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, երգիչ A-Sen-ն է, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը, տեսահոլովակի բեմադրող ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է:

 

Տեսահոլովակի նկարահանումները տևել են 3 օր: «Իզաբելլայի հետ աշխատելը շատ հեշտ ու հաճելի էր, քանի որ նա բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունի»,- ասաց ռեժիսորը: Տեսահոլովակը նկարահանվել է Գառնիում, Զվարթնոցում, Սևանում:

 

 

Երիտասարդ երգչուհին հավաստիացրեց, որ հայկական շոու բիզնեսն իրեն շատ մոտ է, այդ պատճառով էլ որոշել է քայլեր անել այստեղ: «Առաջին հերթին, ես արմատներով հայուհի եմ, ազգանունս Ուրումյանց է, և ես շատ եմ հպարտանում դրանով: Հայկական շոու բիզնեսն ինձ շատ մոտ է, որովհետև Հայաստանը իմ հոգու մի մասնիկն է»,- ասաց նա ու հավելեց, որ հայկական շոու բիզնեսում բոլորից շատ Թաթային է սիրում:

 

 

Մոսկվաբնակ հայ երգչուհու համար PR տեսանկյունից շատ խելացի քայլ է հայկական շոու բիզնեսում ճանապարհը Հայաստանի մասին երգով սկսելը, ESem.am-ը հետաքրքրվեց՝ ինչ-որ մեկը նրան խորհուրդ տվե՞լ է հենց դա ընտրել որպես առաջին երգ: «Ցավոք, ես համարյա ոչինչ չեմ հասկանում PR  նախագծերից: Ես սա արել եմ սրտանց, ոչ թե կոմերցիոն նպատակներով,: Ոչ ոք ինձ չի հուշել, սիրտս է հուշել»,- վստահեցրեց երիտասարդ երգչուհին, ով մինչ այս երկու տեսահոլովակ է ունեցել: ESem.am-ի հարցին, թե ինչո՞ւ իր մյուս երգերն այստեղ չեն ներկայացրել, Իզաբելլան պատասխանեց, որ երբեք չի մտածել այդ մասին:

 

 

Անդրադառնալով միջազգային մրցույթներին հավանական մասնակցությանը՝ երգչուհու երաժշտական պրոդյուսեր, երգիչ և կոմպոզիտոր Կոնստանտին Կոստոմարովն ասաց, որ դա իրենց ճանապարհը չէ: «Մրցույթն արտիստին այսրոպեական է բացահայտում, շարունակություն չկա: Մենք մտադիր ենք հեռու գնալ և երկար մնալ երաժշտական արվեստում»,- ասաց նա:

 

 

Մամուլի ասուլիսին հաջորդեց բացօթյա միջոցառումը, որը վարում էր Արման Մարգարյանը: Իզաբելլան մի քանի երգ կատարեց ներկաների համար, ապա լսարանի դատին հանձնեց իր տեսահոլովակը: Հյուրերի թվում էին՝ Արևիկ Ուդումյանը՝ սիրելիի հետ, Լիանա Տեր-Մինասյանը, Նարինե Պետրոսյանը, Վիկա Մարտիրոսյանը, Հրանտ Երիցկինյանը և այլք:

 

 

 

Լուսանկարները՝ Շարմ Հոլդինգի


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը