Հայկական հեռուստաալիքները նոր եթերաշրջանում արդեն իսկ ներկայացրել են մի շարք նոր հեռուստասերիալներ: «Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» հեռուստասերիալում գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, ով ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հերոսը բարի տղա է, ով ճակատագրի հեգնանքով սիրահարվում է այն աղջկան, ով սպանել էր իր եղբորը:

 

Աշոտը նշեց, որ այս հեռուստասերիալը բավականին երկար է և չի կարդացել ամբողջական սցենարը, սակայն սինոփսիսին ծանոթ է. այս դեպքում գիտեն` որ հերոսին ինչ է սպասվում: «Գիտենք, թե վերջում ինչ է լինելու»,- ասաց նա:

 

 

Դերասանին հիմնականում բարի կերպարներ են բաժին հասնում: «Չգիտեմ`  դերասանի համար ինչքանով է ճիշտ ասելը, թե այս կամ այն դերը մարմնավորելը հեշտ կամ դժվար է: Եթե համաձայնել եմ, սիրով մարմնավորում եմ կերպարս,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ մեծ հաճույքով կմարմնավորեր բացասական կերպարի: -Ուղղակի  Հայաստանում չկա այն բացասական  կերպարը, որին կցանկանայի մարմնավորել: Բացասական  կերպարը մեզ մոտ երկրոդ պլան է մղվում և խորքային անդրադարձ չի լինում հերոսի հոգեբանական վիճակին, դրդապատճառներին»:

 

 

Իր մարմնավորած կերպարներից Աշոտը բեկումնային է համարում «Կյանքի գինը», «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելներում մարմնավորած դերերը, որոնք տարբերվել են իր մյուս կերպարներից: «Ամեն դեպքում յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս ես փորձում եմ տարբերություն մտցնել, որպեսզի մարդիկ զգան տարբերությունը: Փորձում եմ թե՛ արտաքնապես, թե՛ խաղով ու մոտեցումով տարբեր լինել: Կարելի է ասել` գտել եմ նաև այս կերպարս նախորդ կերպարներիցս տարբեր ներկայացնելու ձևը»,- ասաց դերասանը:

 

 

Ինչ վերաբերում է հեռուստաընկերության փոփոխությանը, Աշոտը նշեց, որ դա կոնֆլիկտի պատճառով չէ: «Ընդհանուր վիճակից ելնելով սկսեցին քիչ արտադրել նոր հեռուստասերիալներ: Երբ Արմենիայում էի, առաջարկ ստացա Հ1-ից` նկարահանվելու 16 մասանոց 2 ֆիլմում, քանի որ այդ փուլում Արմենիայում զբաղվածություն չունեի, համաձայնեցի: Հետո առաջարկ ստացա Շանթից, կրկին համաձայնեցի: Ես դերասան եմ, պիտի աշխատեմ. դերասանի համար ալիքն էական չէ, նա իր աշխատանքն է անում»,- ընդգծեց Աշոտը` նշելով, որ բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

 

 

Այս փուլում դերասանը թե՛ Արմենիայի, թե՛ Հ1-ի, թե՛ Շանթի եթերում է. բանն այն է, որ առաջին երկու հեռուստաընկերությունները կրկնում են հեռուստասերիալները, որոնցում խաղացել է Աշոտը: «Կարծում եմ` կերպարներն իրարից տարբերվում են, ես էլ կարողացել եմ դնել այդ տարբերությունը, որպեսզի մարդիկ չնույնացնեն հերոսներին` հաշվի առնելով, որ դերակատարը նույն մարդն է»,- ասաց նա:

Առաջիկայում Աշոտը կվերադառնա նաև թատրոնի բեմ. Գոյ թատրոնում այս փուլում վերանորոգման աշխատանքներ են: Դերասանը նշեց, որ հավանաբար հոկտեմբերին կմեկնարկի նոր թատերաշրջանը, և ինքը կներկայանա նաև  թատրոնի բեմում:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը