Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը ներառվել է The Cultural Trip կայքի կազմած աշխարհի առավել կարեւոր հիշատակի թանգարանների տասնյակի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ կայքում Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հետ ցուցակում տեղ են գտել Լեհաստանի Աուշվից-Բիրկենաուն (Auschwitz-Birkenau), Սենեգալի «Ստրուկների տունը» (House of Slaves), Ճապոնիայի Հիրոսիմայի խաղաղության հիշատակի թանգարանը (Hiroshima Peace Memorial Museum), Չիլիի Հիշատակի եւ մարդու իրավունքների թանգարանը (Museum of Memory and Human Rights), Կամբոջայի Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարանը (Tuol Sleng Genocide Museum), Իսրաելի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի թանգարանը (The Holocaust History Museum, Yad Vashem), Չինաստանի Նանջին քաղաքի Կոտորածի հիշատակի թանգարանը ( Nanjing Massacre Memorial Museum), Հարավային Աֆրիկայում` Ապարտեիդի թանգրանը ( Apartheid Museum), ԱՄՆ-ում` Սեպտեմբերի 11-ի հիշատակի թանգարանը ( September 11 Memorial Museum):
«Հայերեն Մեծ եղեռն կոչվող Հայոց ցեղասպանությունը եղել է թերեւս մեծագույն ողբերգությունը, որը երբեւէ հարվածել է հայ ժողովրդին: Թուրքական կառավարության կողմից 1915 թվականին 250 բարձրաստիճան հայ առաջնորդների ու մտավորականների սպանությունը խորհրդանշեց հայերի ջարդերի սկիզբը, որ տարել է մեկ միլիոն մարդու կյանք, կանանց եւ երեխաներին ծրագրավորված մահվան աքսորը դեպի արեւելյան անապատներ, մինչդեռ առավել աշխատունակ տղամարդիկ պարտադրված են եղել կատարել ծանր աշխատանքներ: Երեւանում Հայոց ցեղասպանության թանգարանը օգնում է կատարել պատկերավոր շրջայց պատմության միջոցով՝ սկսած ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանից մինչեւ սրտաճմլիկ հարցազրույցներ, ականատեսների վկայություններ եւ ֆիլմեր, որոնք պատկերում են Ցեղասպանությունը վերապրածների տառապանքները: Ներկայումս թանգարանում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, սակայն այն կրկին բացվելու է 2015 թ-ի գարնանը»,- հաղորդում է կայքը:
The Culture Trip կայքի հրապարակած ցուցակում ընդգրկված թանգարանների ներկայացման հիմք է դարձել այն, որ ոգեկոչումը հիմնարար մաս է ողբերգության հետեւանքների հետ առնչման գործում: Նշված տասը թանգարաններն ու հիշատակի սրահներն իրականացնում են նշանակություն ունեցող մշակութային իրազեկման, հասարակական ուսուցման եւ, ի վերջո, հիշատակի պահպանման աշխատանքները:
Ճապոնիայի Հիրոսիմայի խաղաղության հիշատակի թանգարան
Չիլիի Հիշատակի եւ մարդու իրավունքների թանգարան
Լեհաստանի Աուշվից-Բիրկենաու թանգարան
Կամբոջայի Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարան
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան
Իսրաելի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի թանգարան
Չինաստանի Նանջին քաղաքի Կոտորածի հիշատակի թանգարան
Հարավային Աֆրիկայում` Ապարտեիդի թանգրան
ԱՄՆ-ում` Սեպտեմբերի 11-ի հիշատակի թանգարան
Սենեգալի «Ստրուկների տունը»