Գավառ քաղաքի «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ակումբի երիտասարդներն ուխտագնացություն կազմակերպեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթ Աժդահակ: Երիտասարդներին ուղեկցում էր Հացառատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Հայկազ դպիր Մելքոնյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ նախագահ, «Պատիվ ունեմ…» ծրագրի համակարգող Գրիգոր Դաշտոյանը, ճանապարհի մեծ մասը հարկավոր էր հաղթահարել ոտքով՝ հասնելու 3597 մետր բարձրության վրա գտնվող լեռանագագաթին: Հասնելով լեռան գագաթ` երիտասարդները մեծ ոգևորությամբ ծածանեցին եռագույնը, կատարեցին ազգային պարեր եւ հնչեցրին հայրենասիրական երգեր, դիտեցին Աժդահակի խառնարանում ծփացող լիճը, շրջակայքում գտնվող ժայռապատկերները եւ վիշապաքարերը, որոնք կերտվել են մեր հեռավոր նախնիների ձեռքերով:

 

Ակումբի երիտասարդները խոստացան դեպի Աժդահակ ձեռնարկվող հերթական ուխտագնացությանը մասնակից դարձնել իրենց հասակակից մյուս ընկերներին, որպեսզի նրանք էլ իրենց շրջապատին ու մերձավորներին փոխանցեն մեր աշխարհի հրաշալիքների ու գրավչությունների գաղտնիքները:

 

Խոսրով Խլղաթյան