Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա ասիական հեղինակավոր միջազգային մրցույթներից մեկում՝ որպես իրադարձության պաշտոնական նվագախումբ: Օգոստոսի 11-18-ը ՀՊԵՆ-ը ելույթ կունենա Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա-համերգին: Բացի այդ, նվագախումբը հանդ ես կունենա առանձին համերգներ:


ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է հեղինակավոր մրցույթում երիտասարդական նվագախմբի մասնակցությունը:

 

«Կարծում եմ, որ դա կլինի նոր ձեռքբերումների սկիզբ: Կարևորում եմ այն, որ մեր նվագախմբի երեք ճամփորդությունները հենց փառատոնային են եղել:  Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը նշանակալի իրադարձություն է և ներկայացման կարիք չունի: Մրցույթի ժյուրիի անդամներն աշխարհահռչակ երաժիշտներ են, իսկ մենակատարները՝ լավագույններից են աշխարհում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

 

Սմբատյանի համոզմամբ, Չինաստանը կայացած երկիր է, ունի կայուն երաժշտական շուկա, և նվագախմբի մասնակցությունն այդ մրցույթին չափազանց կարևոր է: «Բոլոր մասնակիցները կիմանան Հայաստանի արվեստի մասին»,-նշեց նա:

 

Չինաստան կմեկնի ՀՊԵՆ-ի սիմֆոնիկ կազմը: Ֆինանսական ծախսերը հոգում է չինական կողմը, իհարկե, կան մարդիկ, որ աջակցում են նվագախմբին:

 

«Ցավոք, աշխարհում երիտասարդական նվագախմբերը հիմնականում ոչ պրոֆեսիոնալ են, ստեղծվում են արձակուրդներին, և պետք է մարդկանց համոզես, որ այդպիսին չես և անցել ես երկար ճանապարհ: Մեր առանձին գալա-համերգներին նվագախումբը կկատարի Միրզոյանի, Բեթհովենի, Չայկովսկու գործերից»,-ընդգծեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ նվագախումբը հաջորդ տարի ևս կունենա համերգներ արտասահմանում:  

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2005-ին, ով հանդիսանում է վերջինիս գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:


Նվագախումբը հասցրել է հանդես գալ բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Երաժիշտների ելույթները միշտ ջերմորեն են ընդունվում ունկնդրի կողմից, արժանանում երաժշտասեր հասարակայնության բարձր գնահատականին:


Ռոզա Գրիգորյան