Երեք տասնյակ չինացի ժամանակակից հայտնի նկարիչների 30-ից ավելի աշխատանքներ մեկտեղվեցին ՀՀ նկարիչների միությունում: Չինական նկարների՝ «Դեպի Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց օգոստոսի 1-ին: Բացման հանդիսավոր արարողությունն իրենց ներկայությամբ պատվեցին և հայ-չինական հարաբերությունների կարևորությունն ընդգծեցին ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնատար անձինք, Չինաստանի նկարիչների ասոցիացիայի նախագահ Ցզին Ցզյանը, Պեկինի ակադեմիայի պրոֆեսորներ, պատվավոր հյուրեր:


Ցուցահանդեսից առաջ անցկացվեց հայ և չինացի նկարիչների գիտաժողով, որին չինական կողմը ներկայացավ իր երկրի ժամանակակից արվեստը ներկայացնող շնորհանդեսով: Չինաստանի նկարիչների ասոցիացիայի նախագահը գիտաժողովի ընթացքում նշեց, որ Հայաստանը և Չինաստանը նման են պատմությամբ և մշակույթով, և անհրաժեշտ է, որ երկու երկրներն ավելի շատ համագործակցեն:

 

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում նման ցուցահանդես է կազմակերպվում, և նման հզոր երկիր մեր երկրում ներկայացնում է իր արվեստը:

 

«Ժամանակակից արվեստի ամենահայտնի չինացի գործիչները ներկայացնում են իրենց աշխատանքները: Մենք շատ բան ունենք սովորելու չինացիներից, օրինակ, թե ինչպես են նրանք հիմնվում իրենց ազգայինի վրա և ժամանակակից մտածելակերպով ստեղծում մեծ արվեստ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Աղամյանը:

 

Չինաստանի դեսպան Թիան Չանչունը, կարևորելով երկու երկրների՝ մշակույթի ոլորտում ունեցած համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց Չինաստանի և Հայաստանի նկարիչների միություններին ցուցահանդեսը կազմակերպելու համար: «Թեև այսօրվա ցուցահանդեսի նմուշները շատ չեն, սակայն դրանք ներկայացնում են չինացի ժամանակակից նկարիչների աշխատանքները: Ուրախ եմ, որ այսօր անցկացվեց նաև հայ և չինացի նկարիչների գիտաժողով: Հայաստանի և Չինաստանի ժողովուրդները մշտապես հետաքրքրությամբ են վերաբերում միմյանց»,- նշեց Թիան Չանչունը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հանրությունը պատմական և հետաքրքիր ցուցահանդեսի ականատես է դարձել: «Հայ-չինական հարաբերությունների և պատմության մեջ կգրվի նաև այս օրը՝ որպես բարեկամության մի գեղեցիկ օրինակ»,- նշեց Նաղդալյանը՝ ընդգծելով, որ իրադարձությունը տոն է բոլորի համար:Ցուցահանդեսը բաց է օգոստոսի 1-6-ը: