Թուրք դերասանները հրաժարվել են խաղալ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի դերը հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի նոր ֆիլմում: Գերմանաբնակ թուրք ռեժիսորը «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է, որ ստիպված է եղել հրաժարվել Հրանտ Դինիքի մասին պատմող ֆիլմի գաղափարից, քանի որ թուրք դերասանները հրաժարվել են մարմնավորել գլխավոր դերը` պատճառաբանելով, որ սցենարը չափազանց խիստ է:


Փոխարենը ռեժիսորը որոշել է նկարահանել հակասական «Հատում» ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի հայերի կոտորածների մասին: Ֆիլմը վերջերս ցուցադրվել է Վենետիկի և Համբուրգի կինոփառատոնների  ժամանակ, արժանացել է Դուգլաս-Սիրկ պարգևին:


Ինչպես հաղորդում է  «Արմենպրես» -ը`վկայակոչելով  Global Post պարբերականը, Աքընը ֆիլմի սցենարը գրել էր «Ակօս»-ում Դինքի մասին հրապարակված մոտ 12 հոդվածների հիման վրա: «Ես չկարողացա համոզել որևէ թուրք դերասանի, որ խաղա Հրանտի դերը: Նրանք բոլորը սցենարը շատ խիստ համարեցին: Դրա համար էլ ստիպված եղա թողնել նախագիծը:

 

Ես չէի ցանկանում, որ որևէ դերասան տուժի: Բայց շատ կարևոր էր Հրանտի մասին թուրքական ֆիլմ նկարահանել: Ամերիկացի կամ ֆրանսիացի դերասանը չի կարող մարմնավորել Հրանտին: Մենք պետք է ինքնուրույն լուծենն այս խնդիրը: Բայց, ակնհայտորեն, դեռ ժամանակը չի հասունացել դրա համար»,- ասել է ռեժիսորը:

 

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։  


2007 թվականի  հունիսին  Հրանտ Դինքին հետմահու շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ։ Ըստ ՀՀ նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։