Հայտնի woman.ru կայքի ընթերցողներն ընտրել են «Նոր ալիք» մրցույթի իրենց սիրելիին: Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հաղթել է մրցույթում և կայքի կողմից հատուկ մրցանակ է ստացել նորաձև մարգարտյա հավաքածու:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով woman.ru կայքը, ամբողջ մեկ ամսվա ընթացքում կայքի ընթերցողները քվեարկել են իրենց դուր եկած մասնակցի օգտին և մրցակցությունը հսկայական է եղել: Արդյունքում հաղթել է 17-ամյա Սոնա Ռուբենյանը:
Մրցանակը Սոնային է հանձնել կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Կրուգլովան, ով նշել է, որ մեր պատվիրակի օգտին ընդհանուր առմամբ տրվել է 20 հազար ձայն, ինչը նշանակում է, որ Ռուբենյանն արդեն իսկ ունի երկրպագուների մեծ բանակ:
Սոնան նշել է, որ կարևոր են թե’ մեծ և թե’ փոքր նվաճումները: «Առաջին մրցութային օրն ամեն ինչ շատ բարդ էր, շատ ցածր գնահատականներ էին, որոնց ես չէի սպասում, բայց երկրորդ և երրորդ օրերին իրավիճակը կարգավորվեց»,- խոստովանել է երգչուհին: Նա նաև woman.ru-ին տեղեկացրել է, որ սեպտեմբերին մենահամերգով հանդես կգա ԱՄՆ-ում, ինչպես նաև հանրությանը կներկայացնի նոր տեսահոլովակ, այնուհետև` ձայնասկավառակ:
Բացի այդ, «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել այդ տարվա նոյեմբերի 28-ին և 29-ին` Մոսկվայում: