Ebay օնլայն վաճառքի տիրույթում աճուրդի է հանվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» ջրաներկ գործը, որը նկարիչը ստեղծել է 1948թ.: «Աշտարակի» նախնական գինը 1.2 հազար դոլար է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, աճուրդի վերջին օրը հայտարարված է 2014թ. հուլիսի 21-ը: Կայքը տեղեկություն չի տրամադրում կտավի սեփականատիրոջ մասին, սակայն հայտնի է, որ վերջինս բնակվում է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Համաձայն կայքի, այդ ջրաներկ գործը բնօրինակ է` նկարչի ստորագրությամբ:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նշեց, թե չի կարող հաստատել, ոչ էլ հերքել, որ այդ ջրաներկ գործը հեղինակել է Մարտիրոս Սարյանը` հավելելով, որ ինքը նախկինում ոչ մի տեղեկություն չի ունեցել այդ գործի ճակատագրի մասին:
«Այլ նկարիչների գործերի պես, Սարյանի աշխատանքները հաճախ են հանվում աճուրդների, և, ավաղ, դրանց մեջ շատ են լինում կեղծիքները, իսկ այն, ինչ թանգարանային արժեք է, գտնվում է թանգարաններում և անհատական հավաքածուներում»,- նշեց Ռուզան Սարյանը:
Նա նաև հավելեց. «Իհարկե, 1,2 հազար դոլարը շատ ցածր գին է Սարյանի ջրաներկ աշխատանքի համար: Այն պետք է արժենար ոչ պակաս, քան 12 հազար դոլարը և ավելին: Այս պատճառով ես ենթադրում եմ, որ սա կեղծիք է: Ebay աճուրդը լավ համբավ չունի արվեստի գործերի վաճառքում, ինչպես նաև Thrinity-ն, Bohams-ը: Ինչ վերաբերում է Սարյանի գրաֆիկական, այսինքն` թղթի վրա մատիտով, ածխով, տուշով, գուաշով, ջրաներկով, պաստելով արված աշխատանքների քանակին, ապա դրանց թիվն անցնում է 3 հազարը»: