«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում վաղը Մալյանի անվան թատրոնում կկայանա ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի նոր ֆիլմի առաջնախաղը:
«Նախքան մեռնելս» կոչվող ֆիլմը կարճամետրաժ է. 23 րոպե տևողությամբ կինոնկարը, ռեժիսորի խոսքով, ծանր դրամա է: Այս կինոնկարի սցենարի հեղինակը և պրոդյուսերը ևս Սուրենն է: Այն ներկայացնում է, թե ինչ է կատարվում, երբ մարդու կյանքը մի քանի վայրկյանում փոխվում է, ինչպես է բժիշկը ֆիզիկականից փոխվում հոգու բժշկի և ինչ անել, երբ դեմ առ դեմ ես կյանքի ու մահվան հետ:
Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Թումանյանը և Արմնա Նշանյանը: «Ալեքսանդրն ու Արմանն այս շրջանում Ամերիկայից եկել են Հայաստան, իսկ Ալլան, ցավոք, չկարողացավ ներկա լինել պրեմիերային»,-Esem.am-ին ասաց ռեժիսորը:
Սուրենի փոխանցմամբ` ֆիլմը մասնակցելու է միջազգային մի շարք փառատոնների: Դրանցից 3-ում այն մոտ 5000 ֆիլմից արդեն ընտրվել է որպես մրցութային: ««Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում ներկայացված չէ, քանի որ ֆիլմի աշխատանքներն ավարտել ենք հայտերի ընդունման վերջնաժամկետից մեկուկես անմիս անց: սակայն ֆիլմը դիտելուց հետո իրենք առաջարկեցին, որպեսզի պրեմիերան լինի փառատոնի շրջանակներում»,- հայտնեց Սուրենը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը