Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում կներկայացնի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Հայկական բալետային խումբը պատրաստվում է հուլիսի 20-ին և 21-ին իր ելույթներով գերել ռուս ունկնդրին: Հպարտանալու առիթ արդեն իսկ ունեն. միջոցառումների տոմսերն ամբողջությամբ սպառվել են:

 

«Մենք շատ կարևոր հյուրախաղեր ունենք, քանի որ այս ամսվա 20-ին պետք է մեկնենք Սանկտ Պետերբուրգ՝ մեզ հետ տանելով մեր ազգային բալետը՝ «Գայանե»-ն: Բոլորս էլ հասկանում ենք, որ պատասխանատվությունը մեծ է, որովհետև Սանկտ Պետերբուրգը բալետի համաշխարհային մայրաքաղաքն է, ամենուժեղ բալետային դպրոցն ունի, և մենք շատ մեծ «քննություն» ենք հանձնելու այնտեղ, հույս ունեմ, որ շատ բարձր մակարդակով կանցնի «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԱՆդրանիկ Արզումանյանը:

 

Նրա խոսքով` արտիստը պետք է տարբեր բեմերի վրա ելույթներ ունենա, և իրենք պետք է նման հնարավորություն ստեղծեն: «Մի քանի օր առաջ թատրոնում ներկայացրինք «Գայանեն» և ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Ժողովուրդն անվերջ հոտնկայս ծափահարում էր: Սանկտ Պետերբուրգում մեզ սպասում են, բոլոր տոմսերը վաճառված են, և ազատ տեղեր չկան: Հույս ունեմ, որ կփայլենք և կվերադառնանք»,- նշեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը:

 

Անդրանիկ Արզումանյանը տեղեկացրեց, որ այնուհետև բալետային խումբը պատրաստվում է մեկնել Քաթար, որտեղ թատրոնի արտիստները նախորդ տարի հանդես են եկել Խաչատրյանի մեկ այլ՝ «Սպատրակ» բալետով: «Սեպտեմբերի 20-ից հետո մեկնելու ենք Քաթար: Այնտեղ հանդես ենք եկել նախորդ տարվա սեպտեմբերին, և հույս ունենք այս տարվա սեպտեմբերին ներկայացնել Ռուդոլֆ Խառատյանի` «Ռոմեո և Ջուլիետ» բալետի բեմադրությունը»,- տեղեկացրեց Արզումանյանը:

 

Մարիինյան թատրոնը Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկն է: Թատրոնը հիմնադրվել է 1738 թվականին Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Պետերբուրգի կոնսերվատորիայի: Մտել է Ռուսաստանի կայսերական թատրոնների կազմի մեջ:


Ռոզա Գրիգորյան