Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ culture.pl-ն այս տարի կներկայացնի մի շարք ցուցադրություններ և սեմինարներ՝ «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով: Ծրագրում ընդգրկված բազմազան գործերը միավորում են տարբեր երկրների առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը, որոնք ուղղված են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն այն վայրերում, որտեղ նրանք բնակվում են: Նրանք ընդդիմանում են այն ամենին, ինչ համարում են անարդարություն, և հաճախ դա հանգեցնում է բախման իրենց կառավարության, համայնքի և նույնիսկ ընտանիքի հետ:
Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն, «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի համադրող Ռիչարդ Պենյան հուլիսի 15-ին անցկացված ասուլիսի ընթացքում նշեց, որ ծրագիրն իրականացվել է Ադամ Միցկևիչ ինստիտուտի նախաձեռնությամբ: «Գաղափարը պտտվում էր այն երկների շուրջ, որտեղ զարգանում է նոր ժողովրդավարությունը, որտեղ մարդիկ դեռևս չեն կարողանում փոփոխություններ անել: Ֆիլմերը պարզապես պետք է լինեին գերազանց և օգնեին գրավել հնարավորինս շատ հանդիսատես: Որոշ ֆիլմեր ողբերգական են, որոշներն այնքան էլ չէ: Հուսով եմ, որ կհավանեք բոլոր ֆիլմեր ը, որովհետև բոլորն էլ այն մասին են, թե ինչպես է հասարակությունը փոխվում: Ֆիլմերը հստակ ներկայացնում են այն իրականությունը, որում ապրում ենք մենք: Դրանք երկխոսության հրավեր են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ռիչարդ Պենյան:
Պենյայի կարծիքով, ծրագրի արդյունքը կլինի այն, եթե մարդիկ փոփոխություններ մտցնեն իրենց կյանքում:
Ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան: Ծրագիրը կբացվի հուլիսի 14-ին լեհ ճանաչված ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով, որը Լեհաստանը 2013-ին առառաջադրել էր «Օսկար» մրցանակի: Նախատեսված է նաև «Ենթադրյալ մեղավորը» մեքսիկական ֆիլմի ցուցադրությունը, ֆիլմ, որն ազգային սկանդալի տեղիք տված արդարադատության աղմկոտ սխալի մասին է:
Ֆիլմին կհետևի քննարկում՝ Լեհաստանի հակակոմունիստական դիմադրության առաջատար գործիչ և խոշորագույն օրաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկի, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյայի և հեռարձակվող լրագրության ոլորտում ու անկախ ԶԼՄ-երում աշխատելու ավելի քան 25 տարվա փորձ ունեցող հայ լրագրող Նունե Սարգսյանի մասնակցությամբ:
Ի լրումն քննարկման, Ռիչարդ Պենյան փառատոնի ընթացքում կանցկացնի երկու սեմինար: Ծրագրի մեկ այլ կարևոր կետ է «Ազատության կանչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որ տեղի կունենա Սիրահարների այգում և բաց կլինի հանրության համար: Այս ֆիլմը «Բևեռների ուղեցույց» շարքի մի մասն է, շարք, որի պրոդյուսերը Ադամ Միցկևիչ ինստիտուտն է, որ ստանձնել է լեհական մշակույթը culture.pl. մակնիշով արտասահմանում առաջ մղելու պատասխանատվությունը:
«Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը, որի համադրողներն են Ռիչարդ Պեն յան և Ադամ Միխնիկը, կազմակերպվել է culture.pl-ի կողմից որպես այն նախագծի մի մասը, որը նպատակ
ունի մշակութային համագործակցություն և մշակութային
փոխանակումներ նախաձեռնելու զարգացնել Արևելյան գործընկերության երկրների հետ: