Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հուլիսի 15-ին տեղի կունենա Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հինավուրց պարեր» և Սոֆյա Գալֆայանի «Հյուսքային և հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսը:
Ս. Լիսիցյանի գիրքը նվիրված է հայկական հինավուրց պարերի նկարագրությանն ու վերլուծությանը. մարզախաղերին առնչվող պար-մնջախաղեր, սգո և հարսանեկան ծեսերի ժամանակ կատարվող, ինչպես նաև մանկական պարեր: Ներկայացվում են պարերի գծապատկերները, նոտագրությունը, երգերի տեքստերը, տարազների, հանդերձների նկարագրությունն ու լուսանկարները:
Ս. Գալֆայանի գիրքն արժևորվում է նրանով, որ ներկայացնում է հանգույցի ու հյուսվածքի նշանակությունը մշակույթի տարբեր ոլորտներում: Հեղինակը վերծանում է հյուսվածքի զարդանախշերի խորհուրդը: