Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կցուցադրի շուրջ 300 ֆիլմ՝ մրցութային և արտամրցութային ծրագրերի շրջանակում: Փառատոնի շրջանակներում կկայանան միջազգային հեղինակավոր կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն անվանի կինոգործիչներ Կիմ Կի-Դուկը, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը, Ցզյա Չժան-կեն: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում ընդգրկված են նաև Քշիշտոֆ Զանուսին, Մարկո Մյուլլերը, Ադամ Միխնիկը, ինչպես նաև Աննա Մուգլալիսը, Քրիստիան Բերգերը:
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրվում է աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր:
Փառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին, ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որը տեղի կունենա Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Արարողությանը կհաջորդի «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում՝ Ս. Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացման արարողությունը, այնուհետև կցուցադրվի փառատոնի բացման ֆիլմը` Ս. Փարաջոնվի «Նռան գույնը»:
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արտամրցութային ծրագրերով. մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Մրցութային ծրագրում ընտրված է շուրջ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը «Միջազգային խաղարկային», 12-ը` «Միջազգային վավերագրական», 18-ը` «Հայկական համայնապատկեր» և 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:
Արտամրցութային ծրագրերը կներկայացնեն ավանդական «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադություններ», «Հարգանքի տուրք», «Հայեր. հայացք դրսից և ներսից», «Ֆիլմեր առանց սահմանների», ինչպես նաև այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո», «Նոր գերմանական կինո» և «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագրերը:
Փառատոնային միջոցառումները տեղի կունենան «Մոսկվա», «Նաիրի», «Սինեմա Սթար» կինոթատրոններում, Մալյանի անվան թատրոնում, «Պողոսյան» այգիներում, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և «Ժողովրդական արվեստների» հանգույց-կենտրոնում:
Փառատոնը կամփոփվի հուլիսի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում` ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» ֆիլմի ցուցադրությունով: Փառատոնի պաշտոնական փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան հուլիսի 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: