Երգչուհի Ջուսն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: ESem.am-ի հետ զրույցում հոբելյարը նշեց, որ դեռևս 16 տարեկան է` չբացահայտելով իրական տարիքը: Երգչուհին մինչ կեսգիշեր բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ է ստացել: Առաջինը նրան զանգահարել ու շնորհավորել է երկրպագուներից Լաուրիկը: «Լաուրիկը մինչև ծնունդս էր զանգել. մի քանի րոպե խոսեցինք, որից հետո շնորհավորեց: Այնուհետև ինձ զանգեցին ու շնորհավորեցին իմ ընկերները, գործընկերները` Գուժը, Կարեն Օհանյանը»,-ասաց երգչուհին և ավելացրեց, որ այսօր տոնական օրն անցկացնելու է տանը` մայրիկի հետ: «Իսկ վաղը Կարեն Օհանյանի հայրիկն ինձ իրենց տուն է հրավիրել. այնտեղ կնշեմ օրս, հյուրերն էլ մեր տուն կգան հավանաբար ուրբաթ օրը: Իսկ շաբաթ օրն ակումբում ընկեներիս հետ կնշեմ ծնունդս»,-նշեց երգչուհին:

 

 

Թեև Ջուսի խոսքով` ծննդյան օրը շատ ուրախ է անցնում, սակայն մի փոքր տխրել է, քանի որ նշանածը կողքին չէ: Սիրելիի շնորհավորանքի մասին խոսելիս` Ջուսն ասաց, որ Ռիչարդը չի դադարում ամեն վայրկյան` հնարավոր բոլոր միջոցներով շնորհավորել իրեն: «Ինձ թվում է` ամբողջ օրվա ընթացքում կշնորհավորի: Նա անընդհատ բանաստեղծություններ, մեկնաբանություններ է գրում. սկայպով ու հեռախոսով է շնորհավորում, այնքան սիրուն բաներ է գրում ֆրանսերենով. սեր ու երջանկություն է մաղթում»,-պատմեց երգչուհին, ում համար այս տարվա սպասված նվերը Ռիչարդի ներկայությունը կլիներ: «Կուզեի Ռիչարդն այստեղ լիներ ու գժժական նշեինք ծնունդս»,-անկեղծացավ նա:

 

 

Երգչուհուց տեղեկացանք նաև, որ սիրելիի նվերն իրեն Ֆրանսիայում է սպասում: «Ռիչարդ ասաց, այնպիսի նվեր է, որ չեմ կարող ուղարկել. պետք է ինքդ գաս ու տեսնես»,-պատմեց Ջուսը և փոխանցեց, որ հավանաբար մեկ ամսից կմեկնի Ֆրանսիա. «Այժմ երգեր եմ ձայնագրում, որից հետո մոտ 15 օրով Ֆրանսիա կգնամ, նորից կվերադառնամ, որպեսզի աշնանը նոր տեսահոլովակով ներկայանամ»:

Ըստ երգչուհու` դեռ շուտ է հարսանիքի մասին խոսելը: «Մենք շատ ենք ուզում այս տարի ամուսնանալ, բայց, կարծում եմ, չենք հասցնի: Երևի, հարսանիքը Հայաստանում կանենք, իսկ փարթին` Ֆրանսիայում»,-եզրափակեց նա:

ESem.am-ը շնորհավորում է երգչուհուն և անձնական ու ստեղծագործական հաջողություններ մաղթում:


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը