Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Կովկասյան մշակութային փառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը՝ Կորեայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և հարյուրավոր կորեացիների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կորեայում առաջին անգամ անցկացվող կովկասյան փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը: Փառատոնի նախաձեռնությունը Կորեայի արտգործնախարարության է՝ Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ:

 

Մեկ շաբաթ տևող փառատոնին Կորեայի Սեուլ և Բուսան քաղաքներում հայկական արվեստը, երաժշտությունը, ժողովրդական երգն ու պարը ներկայացնում են Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը և նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը: Համերգներն անցկացվում են ոչ միայն քաղաքների սրահներում, այլև բացօթյա՝ փողոցներում, և ուղեկցվում Հայաստանի վերաբերյալ տարբեր ցուցահանդեսներով:

 

Փառատոնի մեկնարկից առաջ՝ հուլիսի 4-ին, Կորեայի արտգործնախարարությունում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին: Համաձայնագիրը ստորագրել են Կորեայի ԱԳ փոխնախարար Չո Թե-յուլը և Ճապոնիայում ու Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը: