Հայաստան ժամանած լոնդոնյան «Bro Brothers» կազմակերպության ներկայացուցիչները երեկ հյուրընկալվել են «Ամարաս» խմբի աղջիկներին` տետատետ ծանոթանալու ու քննարկելու իրենց հետագա համագործակցության ծրագիրը: Հանդիպումից հետո «Ամարասի» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը ESem.am-ին հայտնեց, որ հանդիպումը սպասվածից էլ լավ է անցել: Ըստ նրա` ընկերության տնօրեն, մասնագիտությամբ ռեժիսոր Քրիստիանը ընդհանուր ընկերների միջոցով է տեղեկացել «Ամարասի» գործունեության մասին:

 

 

«Հանդիպման ընթացքում ծրագրել ենք մեր առաջիկա անելիքները: Տղաները մեզ համար տեսահոլովակ պետք է նկարահանեն: Այսօր նրանք մեկնում են, սակայն մեկ ամսից կվերադառնան, պայմանագիր կկնքենք, որպեսզի ոչ միայն տեսահոլովակ նկարահանենք, այլև նրանք մեր ներկայացուցիչը լինեն միջազգային շուկայում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Վիկան: Նրա խոսքով՝ յոթ տարվա դադարից հետո սա «Ամարասի» թվով երկրորդ տեսահոլովակը կլինի:

 

 

Վիկայի փոխանցմամբ` առաջիկայում այլ ծրագրեր էլ ունեն Քրիստիանի հետ, քանի որ վերջինս դիզայներական, տատուի ու ձայնագրման ստուդիա ունի: «Ծրագրերը շատ-շատ են, անելիքները` ևս: Իրենք համագործակցում են հայտնի ռեփերների հետ, մասնավորապես՝ Snoop Dogg-ի և Dr. Alban-ի»,- շարունակեց Վիկան: Նրա հավաստմամբ՝  սեպտեմբերին նախատեսված է Dr. Alban-ի համերգը Երևանում, որի ընթացքում «Ամարասի» աղջիկները պարային համարներով կներկայանան:

 

 

ESem.am-ին Վիկան հայտնեց նաև, որ 18 տարի Հայաստանում աշխատելուց հետո արդեն ժամանակն  է իրենց աշխատանքը ներկայացնել նաև միջազգային շուկայում: «Հատկապես որ համագործակցության առաջարկն էլ իրենց կողմից է: Նրանք մշտապես նշում են, որ  իմ կատարած բեմադրությունները միջազգային են: Մենք Հայաստանում կներկայացնենք իրենց, իրենք էլ մեզ՝ դրսում»,- ավելացրեց պարուհին: Վիկան չթաքցրեց ուրախությունը պրոֆեսիոնալների հետ աշխատելու համար:

 

 

 

 


Հաջողություններ մաղթեց Արևիկ Իսաջանյանը