Ծննդյան վաթսունամյա հոբելյանի առթիվ և հայ ժամանակակից երգարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, հուլիսի 3-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Գյումրու քաղաքապետի հուշամեդալ»-ով պարգևատրեց «Բամբիռ» խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Բարսեղյանին (Ջագ):

 

Գյումրու քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ Սամվել Բալասանյանը շնորհավորել է արվեստագետին՝ կարևորելով հայ երաժշտարվեստում վերջինիս և «Բամբիռ»-ի ունեցած դերը, նշել, որ «Բամբիռ»-ը միշտ բարձր է պահել Գյումրու անունը: 70-ականներին ստեղծված ռոք-խումբը տարբեր երկներում մշտապես պատվով է ներկայացել: Մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ Սամվել Բալասանյանը հույս է հայտնել, որ խումբը կկարողանա ավելի հաճախ համերգային ծրագրերով հանդես գալ:

 

Գագիկ Բարսեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար՝ նշելով, որ յուրաքանչյուր երաժշտի համար շատ կարևոր է գնահատված լինելը:

 

Խումբը հիմնվել է 1978 թվականին, Գյումրիում: Խմբի անդամները` Գագիկ Բարսեղյան /վոկալ, կիթառ/, Գուրգեն Հակոբջանյան`Կոկո /վոկալ, ֆլեյտա/ և Թաթուլ Եղիազարյան /թավջութակ/, 1982 թվականին մասնակցելով Բելառուսում կայացած «Լիդի» փառատոնին, արժանացել են «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին: 1992 թվականին ձևավորվում է խմբի նոր սերունդը՝ այս անգամ շարունակելով հոր ստեղծագործական ուղին, երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներին՝ Արիկ Գրիգորյանին /վոկալ, ֆլեյտա/, Արման Քոչարյանին /բաս-կիթ առ/ և Աշոտ Կորգանյանին /հարվածային գործիքներ/ իր շուրջն է համախմբում Ջագի որդին ՝ Նարեկ Բարսը /վոկալ, կիթառ/: 2003 թվականին բամբիռականները Ազգային երաժշտական մրցանաբաշխությունում արժանացան «Լավագույն ռոք-խումբ» մրցանակին, իսկ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին "That's fine with us" երգով և զբաղեցնում երրորդ տեղը: