Իտալիայի Ջենովա քաղաքում հունիսի 6-16-ն անցկացվել է պոեզիայի միջազգային 20-րդ փառատոնը, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայկական պատվիրակության կազմում էին «Գրական տապան» պոեզիայի միջազգային փառատոնի համակարգող, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, բլուլահար Ռաֆայել Ավագյանը, բանաստեղծներ Էդուարդ Հարենցը, Արուսյակ Օհանյանը, Արմենուհի Սիսյանը, Հերմինե Նավասարդյանը, ինչպես նաև բանաստեղծ Նշան Աբասյանը։ Հայ գրողներից բացի, հայկական պատվիրակության կողմից ներկայացվել են նաև բանաստեղծներ Վիկա Չեմբարցևան և Վադիմ Մեսյացը:

 

Փառատոնի օրերին պոեզիայի հայերեն ընթերցումները զուգորդվել են հայ երաժիշտների նվագակցությամբ։
Հայաստանը ներկայացնող խմբին է վստահվել փառատոնի փակման գեղարվեստական մասը, որն արժանացել է օտարազգի գրողների և Ջենովայի արվեստասեր հասարակայնության ջերմ ընդունելությանը:
Հայ երաժիշտները ելույթ են ունեցել նաև իտալացի երաժիշտներ Ֆաբիո Վերնիցցի, Էդմոնդո Ռոմանոյի և Ռիկարդո Բարբերայի հետ՝ ներկայանալով փորձարարական ինտերակտիվ արվեստի ժանրում:


Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնի հիմնադիրն է արձակագիր, բանաստեղծ, հրապարակախ ոս Կլաուդիո Պոցցանին, ով բազմիցս մասնակցել է հայկական «Գրական տապան» պոեզիայի միջազգային փառատոնին:
Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցել են շուրջ 60 բանաստեղծներ, երաժիշտներ և արտիստներ՝ աշխարհի տարբեր երկրներից: