Դուբայի Liberty Dental Clinic ատամնաբուժական կլինիկան ստեղծել է աշխարհի «ամենաթանկարժեք ժպիտը»: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, ոսկուց պատրաստված ատամների զարդարանքը՝ գրիզլը, պատված է ադամանդներով, որի ընդհանուր արժեքը կազմել է 153 հազար դոլար: Նորույթի ստեղծողները դիմել են Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցներին` այն որպես ռեկորդ գրանցելու նպատակով:

 

Թանկարժեք գրիզլը՝ ատամների համար ոսկերչական զարդը, պատվերով կարող է պատրաստվել կլինիկայի մասնագետների կողմից: Մեկ այդպիսի նմուշ ստեղծելու համար նախատեսված է օգտագործել 10 գրամ ոսկի և 160 ադամանդներ, որոնց ընդհանուր քաշը կկազմի 2,5 կարատ:

 

Արդեն 2 հաճախորդ ցանկություն են հայտնել ձեռք բերել գրիզլը: Նրանցից մեկը ԱՄԷ-ի քաղաքացուհի է, իսկ մյուսը' Քաթարի քաղաքացի:

 

Կլինիկայի բժիշկները տեղեկացրել են, որ խորհուրդ չեն տալիս այն կրել ուտելուց առաջ՝ ընդգծելով, որ աքսեսուարը դեկորատիվ է և նախատեսված է ժամանակավոր կրելու համար:

 

«Ամենաթանկարժեք ժպիտը» վաճառքի հասույթի մի մասը կտրամադրվի մանկական բարեգործությանը:

 

Ատամների համար նախատեսված զարդարանք կրել են Մադոննան, Ռիհաննան, Լեդի Գագան և Բեյոնսեն: