Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները հունիսի 27-ին հանդես են եկել հաշվետու համերգով, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։Դպրոցի սաները հաշվետու համերգին կատարել են եվրոպական և հայ դասականների ստեղծագործություններ։

 

«Դպրոցը միակն է հանրապետությունում, և դրա անվանումն արդեն իսկ թելադրում է այն մեծ պատասխանատվությունը, որով մենք աշխատում ենք երեխաների հետ։ Դպրոցը ծառայում է ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի մասնագիտական երաժշտական կրթություն ստանալուն։ Այս բնույթի դպրոցներն անգամ աշխարհում սակավաթիվ են։ Ամբողջ տարին մեր սաները զբաղված են ոչ միայն ուսումնառությամբ, այլ նաև ելույթներով. կարելի է ասել՝ պատրաստի արտիստներ են։ Մենք համագործակցում ենք ժամանակակից հայ կոմպոզիտորների, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Հաճախ ժամանակակից հայ հեղինակների մանկական դասական ստեղծագործութույնների առաջին կատարողներն են մեր սաները, նաև մասնակցում են բարեգործական համերգների»,- համերգից հետո ելույթի ժամանակ ասել է դպրոցի տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանը։

 

Քառասունմեկ տարի առաջ հիմնադրված Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցում սովորում է 140 սան։

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նույնպես ներկա է գտնվել հաշվետու համերգին: