Արդեն որոշ ժամանակ է` հայ երգիչ-երգչուհիների բողոքի թեման YouTube-ն է, որտեղից վերջին շրջանում անհետանում են նրանց պաշտոնական ալիքները: Լիլիթ Կարապետյանից, Էմմիից, Նորոյից և այլ հայտնիներից հետո հերթը հասավ Ջուսին, ում YouTube-յան ալիքն այս տարի արդեն երկրորդ անգամ է ջնջվում կայքի ադմինիստրացիայի կողմից:

 

 

Պարբերաբար իր տեսահոլովակների դիտումներին ու մեկնաբանություններին հետևող Ջուսն այսօր վաղ առավոտյան նկատել է, որ YouTube-յան պաշտոնական էջը կրկին չի գործում և սոցցանցային իր էջում գրառում է արել. «YouTube-ի տերը թո՞ւրք է: Արդեն երկրորդ անգամ է` իմ ալիքը ջնջում են առանց հստակ պատճառի: Այ մարդ, ջնջեք այն ալիքները, որոնց դիտումները լցրած են, ի՞նչ եք կպել ինձնից, սաղ դիտումներս վարի գնաց, զզվացրիք, թողիք: Աչքիս 15 հատ ալիք բացեմ ու ամեն մեկում մի վիդեո տեղադրեմ»:

 

ESem.am-ն այս մասին զրուցեց Ջուսի հետ, ով սրտնեղած էր ու զայրացած: «Չեմ հասկանում` այդ ադմինսիտրացիայի լարն ընկել է հայ երգիչ-երգչուհիների էջերի գլխի՞ն: Ի՞նչ իրավունքով են ջնջում մարդկանց պաշտոնական ալիքները, այն էլ` առանց պատճառի: Առաջին անգամ ասացին` իբր սխալ թեգեր են արված, այնինչ ոչ մի սխալ բան չկար, կամ եթե սխալ էր, թող տեսահոլովակը տեղադրելու պահին տեղեկացնեին, մենք էլ կփոխեինք, ոչ թե մի քանի օր հետո, երբ երգն արդեն բազմաթիվ դիտումներ ուներ, որոշեին, որ ինչ-որ բան ճիշտ չէ, ու տվյալ տեսահոլովակն արգելափակելու փոխարեն ամբողջ պրոֆայլս ջնջեին, որի մեջ մի շարք տեսահոլովակներ կային ներբեռնված»,- վրդովված նշեց երգչուհին` հավելելով,- թող ջնջեն այն երգիչների էջերը, ում դիտումները կեղծ են. այդպիսիք մեզ մոտ շատ-շատ են»:

 

 

Ջուսի հավաստմամաբ` բոլոր այն տեսահոլովակները, որոնց դիտումները գերազանցում են 500.000-ը, կեղծ են: Երգչուհին չի պատրաստվում հանձնվել, նրա փոխանցմամբ` այսօր նոր էջ կբացի: «Այլ տարբերակ չունեմ, պետք է նորը բացեմ, երգիչն առանց YouTube-յան էջի չի կարող, ուրիշ ոչ մի համապատասխան տիրույթ չկա, որտեղ կարող ենք տեղադրել մեր տեսահոլովակները, որոնք հասու կլինեն մեր երկրպագուներին»,- ընդգծեց երգչուհին:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը