Բաթումի երաժշտական կենտրոնում հունիսի 21-ին անցկացվել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի կողմից, ՀՀ մշակույթի նախարարության պատվերով նկարահանված «Հայերն Աջարիայում» (սցենարի հեղինակ` Ռուբեն Գևորգյանց, ռեժիսոր Գեորգի Կևորկով) վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողությանը ներկա էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Բաթումի քաղաքապետի պաշտոնակատար Գիորգի Երմակովը, Ինքնավար հանրապետության Գյուղատնտեսության նախարար Զաուր Փութկարաձեն, Աջարիայի կառավարության աշխատակազմի, քաղաքապետարանի աշխատակիցներ, տասնյակ բաթումահայեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Ֆիլմը պատմում է Աջարիայում ու, մասնավորապես, Բաթումում հայկական համայնքի ստեղծման նախադրյալների, աջարահայության այսօրվա կյանքի, հայաբնակ վայրերի ու առանձին շինությունների և այլնի մասին: Ֆիլմում կարևորվել է Բաթումի բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ծանրագույն պահերին մեր հայրենակիցների ընդունման ու պատսպարման հարցում, և այդ ամենի մասին պատմում են Աջարիայի ինչպես հայ, այնպես էլ վրացի բնակիչները:

 

Բացման խոսքում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն ընդգծել է նման ֆիլմերի դերը եղբայրական ժողովուրդների էլ ավելի մերձեցման, տեղի հայության`վրաց հասարակության մեջ հետագա ինտեգրման, մեր աշխարհասփյուռ գաղթօջախների պատմության վերհանման հարցերում: Ֆիլմի ռեժիսոր Գեորգի Կևորկովը ներկայացրել է հատուկ Բաթում ժամանած նկարահանող խմբի անդամներին, պատմել ֆիլմի` անցյալ տարվա սեպտեմբերին իրագործված նկարահանումների մասին:

 

Ֆիլմի ցուցադրումից հետո ֆիլմի վերաբերյալ իրենց կարծիքը հնչեցրին Բաթումի քաղաքապետի պաշտոնակատար Գիորգի Երմակովը, աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, «Աջարիայի հայերի միություն» համայնքային կազմակերպության նախագահ Գրիգոր Վարդանյանը:

 

«Հայերն Աջարիայում» ֆիլմը ջերմ ընդունելության է արժանացել բոլոր ներկաների կողմից: