Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը, որն ընթանում է Բաքվում, Բելառուսի հավաքականի համար ավարտվել է անհաջողությամբ: Առաջնությունից առաջ ֆավորիտներ հանդիսացող բելառուս մարմնամարզուհիները զբաղեցրել են ընդամենը 17-րդ հորիզոնականը: Պատճառը հավաքականի վատ համարն ու անպատրաստ լինելն է եղել, ինչն էլ ազդել է ժյուրիի գնահատականի վրա: Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը պետք է ելույթ ունենար Ա. Խաչատրյանի «Սուսերով պար» ստեղծագործության հնչյունների ներքո:
Համարը ներկայացնելու համար հավաքականը պատրաստվել էր ավելի քան կես տարի: Հունիսի 2-ին առաջնության մեկնարկից 11 օր առաջ առաջնությունը կազմակերպող Ադրբեջանը պաշտոնապես դիմել է հավաքականի մարզչին եւ պահանջել փոխել համարն ու ընտրել այլ երաժշտություն: Բելառուսի հավաքականի մարզիչը գլխիկոր համաձայնվել էր, ինչի հետեւանքը եղել է վատ համարն ու խայտառակ պարտությունը:
«Երկրամաս» կայքի փոխանցմամբ, Բելառուսի հավաքականի վատ ելույթից օգտվել են ռուսները եւ տարել շռնդալից հաղթանակ եւ 9 մեդալից տուն տարել 8-ը: Բելառուսական կայքերը չեն մեկնաբանում իրենց հավաքականի պարտության պատճառները: Որոշ կայքեր ընդամենը ներկայացրել են առաջնության աղյուսակը` ապագայի համար հաջողություն մաղթելով իրենց մարմնամարզուհիներին:
Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անց է կացվել հունիսի 13-15-ը Բաքվում: