«Հայաստանի ձայնը», «Xfactor», «Հայ Սուպերսթար» նախագծերից լսարանին հայտնի Արծրուն Խանգելդյանի առաջին տեսահոլովակն արդեն պատրաստ է: Երևանյան ժամանցի կենտրոններից մեկում կայացել է նրա «Մաշված սրբապատկեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի և Լաուրա Հովհաննիսյանի ՝ «Աղջկաս՝ Մարիամին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

 

 

 

 

Տեսահոլովակի և գրքի շնորհանդեսը պատահական չէր համատեղվել: «Համակուրսեցիներիցս մեկը` երիտասարդ բանաստեղծուհի  Լաուրա Հովհաննիսյանն ինձ առաջարկեց համագործակցել իր հետ: Նա պատրաստվում էր թողարկել բանաստեղծությունների ժողովածու, որտեղ կար մի բանաստեղություն, որի հիման վրա պետք է գրվեր երգ և նկարահանվեր տեսահոլովակ:  Ես սիրով համաձայնեցի և անցա գործի: Համագործակցեցի իմ ընկեր՝ երգիչ, երգահան Լիլիթ Տեր Վարդանյանի հետ ու ստացանք գեղեցիկ մի երգ»,- ESem.am-ին ասաց Արծրունը:

 

 

 

 

Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է: Դրա հեռուստատեսային պրեմիերան կկայանա մի քանի օրից, որին երգիչն անհամբեր սպասում է: Արծրունի խոսքով՝ հեռուստատեսությամբ երգը  պտտելու հարցում խնդիրներ չեն առաջացել: «Կարծում եմ՝ չեն էլ ծագի, քանզի երգը շատ խորիմաստ է ու իր մեջ մեծ խորհուրդ ունի ամբողջ հայ ժողովրդի համար,- ասաց Արծրունն ու հավելեց, որ մեծ ակնկալիքներ ունի այս երգից: -Կարծում եմ՝ հրաշալի երգ է ստացվել ու իրեն համապատասխան տեսահոլովակ ունի:  Այս երգը բոլորի մասին է»:

 

 

 

 

Շնորհանդեսին ներկա են եղել Արծրունի և Լաուրայի մտերիմներն ու հարազատները, գրողներ, երաժիշտներ: Հայտնի ընկերներից Արծրունին շնորհավորելու են գնացել Մերի Մնջոյանը, Արթուր Ալեքը, Սրբուհի Սարգսյանը: Արծրունը ներկաներին նվիրել է երգի սինգլը:

 

Առաջիկայում երգիչը պատրաստվում է թողարկել ալբոմ, որում զետեղված կլինեն նրա  հեղինակային երգերը և հայտնի ու սիրված ստեղծագործությունների հաջողված «քավր»-ները:

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը