Օրերս համացանցում հայտնվեց բրազիլաբնակ հայ դերասան Արթուր Հարոյանի մասնակցությամբ հաղորդումը, որի ընթացքում մեր հայրենակիցը ներկայացրեց հայկական պարը: 30-ամյա Արթուրը դժվարություններով, ծնողներին խաբելով հասել է Բրազիլիա` երազանքների հետևից, որոնք այսօր արդեն իրական են: Ինչո՞ւ է նա ստիպված խաբել ծնողներին և ինչպե՞ս է հասել երազանքների երկիրը: Այս և այլնի մասին ծանոթացիր հարցազրույցում:
- Բրազիլիայում դերասանի կարիերադ կառուցելով ես զբաղված: Ե՞րբ ես արել դերասանական առաջին քայլերդ:
- Արվեստի հետ սկեցի առնչվել, երբ դեռ 2-րդ դասարանի էի. պարում էի «Տարոն» երգի-պարի համույթում, որի ղեկավարն էր Նոբել Էմինյանը, հետո՝ 1999թ., հրավիրեցին Վանաձորի պետական դրամատիկական թատրոն, որպեսզի մարմնավորեմ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»-ի հերոսներից Սիմոնի կերպարը: Այդ օրվանից սկսել եմ աշխատել Աբելյանի թատրոնում` իբրև դերասան, սակայն դերասանական կրթություն ստացել եմ այստեղ՝ Սան Պաուլոյի թատերական դպրոցներից մեկում, քանի որ Հայաստանում որոշակի խնդիրների պատճառով հնարավոր չէր դերասանի մասնագիտություն ստանալ:
- Ինչպե՞ս հայտնվեցիր Բրազիլիայում և ինչո՞ւ հենց այդ երկիրը:
- Երազանքներն իմ կյանքի մեծ մասն են կազմում, իսկ դրանք իրականացնելն ինձ համար պարտադիր է: Դեռ երեք տարեկանից գիտեի, որ Բրազիլիայում պիտի ապրեմ: Այն օրը, երբ երկրաշարժի փլատակների տակից գտա մի թաշկինակ, որի վրա ասեղնագործված էր բրազիլական դրոշը, այդ օրվանից ինձ սկսեցին հետևել այդ երկրի հետ կապված բազմաթիվ նշաններ: Իսկ ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ տեղափոխվեցինք Սիբիրում գտնվող Օմսկ քաղաք, մի բրազիլական սերիալ սկսվեց, որը «Նոր զոհ» էր կոչվում: Սերիալում խաղում էր իմ սիրած դերասանուհին՝ Արասի Բալաբանյանը: Այդ օրվանից ինձ համար երազանք էր, որ մի օր կհանդիպեմ նրան ու նույնիսկ նրա հետ նույն սերիալում կխաղամ: Այդ ժամանակ այդ ամենն այնքան անիրական էր թվում, բայց այսօր այն իրական է:
- Հայկական սերիալներ երբևէ դիտե՞լ եք, ինչպե՞ս կգնահատեք դրանք: Սերիալային հայ դերասանների ճանաչո՞ւմ եք:
- Հայկական սերիալներին չեմ հետևում: Մի քանի դրվագ ուղարկել են, որ նայեմ ու կարծիքս հայտնեմ, բայց այնքան էլ չեմ հավանել: Գուցե հաջող սերիալներից չեն ուղարկել :) Ներկայիս հայ դերասաններին չեմ ճանաչում, իսկ Բրազիլիայում ապրող ու գործունեություն ծավալողներից մտերիմ եմ Արասի Բալաբանյանի և Էդուարդո Սեմիրջյանի հետ:
- Որքան մտերիմ՝ տեսնվո՞ւմ եք, հանդիպո՞ւմ… ինչպիսի՞ն են հարաբերությունները Արասի Բալաբանյանի հետ:
- Կարելի է ասել` գրեթե չենք հանդիպում, քանի որ նա Ռիո դե Ժանեյրոյում է ապրում, իսկ ես` Սան Պաուլոյում: Կապը պահում ենք ինտերնետով՝ պորտուգալերեն լեզվով, սակայն, երբ առաջին անգամ հանդիպեցինք, նա սկսեց հայերեն խոսել ու ասեմ` շատ վարժ էր խոսում: Շատ հաճելի ու անմոռանալի պահ էր: Նա շատ է ցանկանում Հայաստան այցելել ու ափսոսում է, որ դա ավելի շուտ չի ասել: Իր տված վերջին հարցազրույցում ասել էր, որ մեծ ցանկություն ունի Հայաստանը ճանաչելու՝ ասելով` վերջերս Հայաստանից մի երիտասարդի ճանաչեցի, ով անվերջ պատմում էր Հայաստանի մասին: Բալաբանյանը սերիալներից մեկում որպես տիկին Արմենիա էր հանդես գալիս, ու դրանից հետո շատերն իմացան, թե որտեղ է Հայաստանը:
- Հայ ծնողները միշտ դերասանի մասնագիտություն ընտրելը սվիններով են ընդունում: Ձերպարագայում ինչպե՞ս եղավ:
- Երբ բակում ներկայացումներ էինք բեմադրում կամ էլ բրազիալական սերիալներից դրվագներ, բոլորին, այդ թվում՝ ծնողներիս դուր էր գալիս իմ խաղը, սակայն հետո, երբ դերասան մասնագիտությունը խաղից վերածվեց երազած մասնագիտության, ծնողներս դեմ եղան: Աբելյանում աշխատանքս վերածվեց, այսպես ասած, «պատերազմի», սակայն այս ամենը հիմա ծիծաղով եմ հիշում: Երբ դեռ բանակ չէի գնացել, որոշել էի Երևանի պետական թատերական ինստիտուտն ընդունվել: Հիշում եմ, որ քննական նյութերը գիշերը ծածուկ էի կարդում, իսկ առավոտյան՝ տետրերս թաքցնում դոշակիս տակ :)
- Ծնողնե՞րդ, նրանք է՞լ են ծիծաղով հիշում:
- Մի անգամ, երբ հայրիկիս հետ հեռախոսով զրուցում էի, ասաց՝ վերադարձիր Հայաստան ու ինչ ուզում ես, արա, թեկուզ` որպես դերասան աշխատիր: Համակերպվել են, բայց ավելի ճիշտ ոչ թե համակերպվել են, այլ հասկացել, որ ես եմ որոշում, թե ինչ մասնագիտություն ընտրեմ:
- Իսկ ինչպե՞ս ընդունեցին Բրազիլիա մեկնելու և իրենց համար անընդունելի մասնագիտությամբ զբաղվելու լուրը:
- Երբ տոմսը ձեռքս տուն մտա, ընտանիքիս անդամները շոկի մեջ էին: Մամային ու տատիկին հանգստացնելու համար ասացի, որ մեկնում եմ պորտուգալերեն սովորելու նպատակով ու 3 ամսից վերադառնալու եմ:
Այն ժամանակ տոմսերն էլեկտրոնային չէին, ես էլ գնածս տոմսը տանը չէի պահում, որպեսզի մայրս չպատռի: Իսկ իմ` այստեղ մնալուն, մինչև այսօր էլ չեն համակերպվում: Եթե անկեղծ` այս նյութից հետո են ծնողներս իմանալու, որ Բրազիլիա գնալս ոչ մի կապ չուներ պորտուգալերեն սովորելու դասընթացի հետ:
- Ներկայումս ինչո՞վ եք զբաղվում:
- Հիմա այստեղ որպես դերասան եմ աշխատում: Մասնագիտական կրթություն ստանալուց հետո դերասան ընկերներով «Արկա» («Տապան») անունով թատերախումբ հիմնեցինք: «Արկայի» առաջին բեմադրությունը ցեղասպանության մասին գրված իմ պիեսն է եղել՝ «1915» վերնագրով: Հիշում եմ՝ Լատինական Ամերիկայում առաջին անգամ թատերական բեմից խոսվեց Հայոց ցեղասպանության մասին:
- Բրազիլիան հայտնի է իր սերիալներով. դրանցում խաղալու առաջարկներ ունե՞ք:
- Առայժմ չեմ խաղում սերիալներում: Մրցակցությունն այստեղ շատ մեծ է, սակայն այդ ուղղությամբ աշխատում եմ. որոշ առաջարկներ ունեմ: Գուցե շուտով ինձ էլ բրազիլական սերիալներում տեսնեք :) Գովազդներում եմ նկարահանվել, եղել եմ հանրահայտ օղիներից մեկի գովազդի դեմքը, նաև՝ խաղացել եմ կարճրամետաժ ֆիլմերում:
- Հայաստան ընդմիշտ վերադառնալու և այստեղ կարիերան շարունակելու նպատակ ունե՞ք:
- Մշտական ապրելու նպատակով չեմ վերադառնա, քանի որ ամբողջ ծրագրերս Բրազիլիայի հետ են կապված: Իսկ եթե Հայաստանից հետաքրքիր առաջարկ լինի` մեծ հաճույքով կընդունեմ: Հետաքրքիր կլինի փորձի փոխանակումը:
-Համոզված եմ, որ դրանից հետո շատ հայ աղջիկների համար կդառնաք հայ ցանկալիփեսացուներից մեկը: Սիրտդ զբաղվա՞ծ է:
- Դեռ ամուսնացած չեմ, սիրտս էլ ազատ է: Չեմ վախենում տանը մնալ. Բրազիլիայում նման խնդիր չկա :) Ինձ համար կարևոր չէ, որ կինս հայ լինի: Կամուսնանմ նրա հետ, ում կսիրեմ:
- Որո՞նք են, ըստ Ձեզ, հայուհիների ու բրազիլուհիների ընդհանրություններն ու տարբերությունները:
- Հայուհիները` ի տարբերություն բրազիլուհիների, շատ համեստ են: Բրազիլուհիները չկոմպլեքսավորված են, ինչը ավելի է հեշտացնում շփումը: Հայուհիները չափից շատ են make-up անում, իսկ բրազիլուհիները` խիստ անհրաժեշտության դեպքում: Որպես տղամարդ` ինձ դուր է գալիս գեղեցկությունը` լինի հայկական, թե բրազիլական: Հայ աղջիկները, մեկ է, ուրիշ են:
Բրազիլաբնակ դերասանի հետ զրուցեց Քրիստինե Պողոսյանը