«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնին այս տարի կմասնակցեն Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի, Մալթայի և Հայաստանի մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը կանցկացվի Երևանում՝ հունիսի 1-4-ը:

 

Այս տարի փառատոնը նվիրվում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին: Այդ առիթով, փառատոնի շրջանակում հանդես կգան նաև ծրագրի անցյալ տարիների մասնակիցներ, ովքեր այսօր ճանաչված են միջազգային ասպարեզում:

 

Հունիսի 1-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը: Պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Հունիսի 2-ին և 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը պատանի երաժիշտները կներկայանան մենանվագ կատարումներով: Հունիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակումը, որի շրջանակում պատանի մենակատարները ելույթ կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Փառատոնի օտարազգի մասնակիցների և հյուրերի համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր:

 

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն իրականացնում է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնի հովանավորը և գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: