ԱՄՆ-ում, մալուխային հեռուստատեսությամբ պատրաստվում են ցուցադրել Գլենդեյլում բնակվող հայերի կյանքը ներակայացնող նոր ռեալիթի-շոու: Շոուի քննադատներն արշավ են սկսել այն փակելու համար: Ինչպես հաղորդում է NBC հեռուստաընկերության կայքը, USArmeniaTV հեռուստատեսային ցանցի արտադրած «Գլենդեյլի կյանքը» ռեալիթի-շոուն պատմում է երիտասարդ, հարուստ հայ զույգի մասին: Սակայն Գլենդեյլի մի շարք հայազգի բնակիչներ համարում են, որ այն բացասական կարծրատիպեր է տարածում և չի արտացոլում Գլենդեյլի իրական կյանքը:

 

«Ես ցնցված եմ, քանզի այն անգամ չի արտացոլում Գլենդեյլի իրական կյանքը: Ես գլենդեյլաբնակ հայ եմ և երբեք չեմ հանդիպել նման մարդկանց: Այնտեղ ներկայացվում են մարդիկ, ովքեր պլաստիկ վիրահատություններ են անում, միայն խմում ու ժամանակն ակումբներում են անցկացնում: Ի նկատի ունեմ, որ դա ամենևին բնորոշ չէ Գլենդեյլին»,- նշել է Ինեսա Ռանչպարը:

 

Facebook և Twitter սոցիալական ցանցերում արշավ է սկսվել «Դադարեցրե՛ք «Գլենդեյլի կյանքը» (Glendale LIFE) շոուն» կոչով: Մեկ շաբաթում ավելի քան 800 մարդ հավանություն է տվել արշավին, իսկ ավելի քան 1,3 հազար մարդ լրացրել է այն փակելու առցանց բողոք-դիմումը: «Ինչպես հին ասացվածքն է ասում, «լռությունը համաձայնության նշան է»: Մենք պետք է բարձրացնենք մեր ձայնը»,- նշել է գլենդեյլաբնակ Հովիկ Ավագյանը:

 

USArmeniaTV-ի նախագահ Բագրատ Սարգսյանը համաձայն չէ այս կարծիքի հետ: «Այս շոուն ոչնչով չի տարբերվում ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվող մյուս ռեալիթի- շոուներից: Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է հարգեն մյուսների ազատությունները և մյուսներին հնարավորություն տան անձամբ տեսնելու, թե ինչի մասին է իրականում այս շոուն»,- հակադարձում է նա: