Վերջերս «Շոկոլադկա» երգով հանրությանը ներկայացած ռուսաստանաբնակ հայ երգիչ Արման Թովմասյանին ESem.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Կնոջ հետ Եգիպտոսում այժմ հանգիստը վայելող երգիչը ժամանակ գտավ և պատասխանեց մեր հարցերին:
Ծննդյան օր, ամիս, տարի` 29.08.1982
Քույր, եղբայր` և´քույր ունեմ, և´ եղբայր
Ապրում է` Մոսկվայում
Հոբբին` կազմակերպել բացօթյա պիկնիկներ
Սիրած բառը կամ արտահայտությունը` վերջացավ:)
- Ո՞վ էր Արման Թովմասյանը մինչ շոու-բիզնեսում հայտնի դառնալը:
-Նախ ասեմ, որ ծնվել եմ երաժշտական ընտանիքում և երաժշտության հանդեպ սերն իմ մեջ դեռ մանկուց է սերմանված: Ավարտել եմ երաժշտական դպրոցի ջութակի բաժինը և երկար ժամանակ նվագել եմ ստեղնաշարային գործիքներ:
- Ինչպե՞ս որոշեցիր երգել, ո՞վ կամ ի՞նչն ազդեց որոշմանդ վրա:
- Երգելու ցանկություն միշտ ունեցել եմ, սակայն պրոֆեսիոնալ երգով սկսեցի զբաղվել իմ մտերիմ ընկեր և բարեկամ Մարտին Մկրտչյանի խորհրդով և նրա անմիջական ուղղորդմամբ:
- Շոու բիզնեսում ի՞նչն ամենաշատը գրավեց քեզ:
- Երբ սկսեցի հանդես գալ մեծ բեմերում, հանդիսատեսի ջերմությունն ու բարձր գնահատականն ինձ ավելի քաջալերեցին զբաղվելու պրոֆեսիոնալ երգարվեստով: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ, ով մեծ նվիրումով և բարեխղճորեն է կատարում իր աշխատանքը, անպայման կունենա իր լսարանն ու երկրպագուների մեծ բանակը:
-Շատերը քեզ համարում են ռեստորանային երգիչ, համամի՞տ ես, որևէ ռեստորանում աշխատո՞ւմ ես:
- Ես երբևէ չեմ թաքցրել այն փաստը, որ երգել եմ ռեստորանում: Ինձ չեմ համարում ռեստորանային երգիչ, որովհետեև վաղուց արդեն չեմ աշխատում այդ բնագավառում:
–Քո երգերը բավականին դիտումներ են ունենում YouTube-ում, ի՞նչ ես կարծում` երկրպագուների հավատարիմ բանակ ունե՞ս:
- Անկեղծ ասած, ինձ էլ մեծ հաճույք և բավականություն է պատճառում այն փաստը, որ իմ տեսահոլովակները բավականին շատ դիտումներ են ունենում, ինչն արդեն հուշում է, որ քիչ չեն նաև իմ արվեստի երկրպագուները:
- Ռուսաստանում ես բնակվում, զուգերգ ունես ռուս երգչուհու` Քսենոնայի հետ: Ի՞նչ ես կարծում` այդտեղ էլ նույնքան ճանաչում ունե՞ս, որքան Հայաստանում:
- Այո´, կարծում եմ Ռուսաստանում էլ, ինչպես Հայաստանում, ունեմ իմ հավատարիմ լսարանը, ովքեր գնահատում և սիրում են իմ արած գործը:
- Հաճախ ես Հայաստանում լինում, ի՞նչն է պատճառը: Մտադրություն ունե՞ս մշտականբնակություն հաստատել Երևանում:
- Բացի այն, որ աշխատանքային բուռն գործունեություն եմ ծավալում Հայաստանում, շատ սիրում և կարոտում եմ իմ երկիրը: Ինձ ընձեռված յուրաքանչյուր հնարավորություն բաց չեմ թողնում այստեղ գալու համար: Շատ եմ սիրում մեր արևոտ Երևանը, միշտ էլ մտածել եմ այստեղ բնակվելու մասին: Ժամանակի խնդիր է, կարծում եմ, մի գեղեցիկ օր ընտանիքով բնակություն կհաստատենք Երևանում:
-Առաջիկայում ի՞նչ նորություններ կունենաս:
- Հիմա աշխատում ենք նոր երգի վրա, որը նաև տեսահոլովակ կունենա: Առաջիկայում նախատեսվում են համերգային շրջագայություններ Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Աստծո կամքով և իմ մեծ ցանկությամբ, հուսով եմ, տարեվերջին լույս կտեսնի նաև իմ առաջին ձայնասկավառակը:
- Խոսենք նաև անձնականիդ մասին: Ամուսնացած լինելը չի՞ խանգարում աշխատանքիդ:
- Ասեմ ավելին, իմ դեպքում շատ օգնում է: Կինս միշտ ըմբռնումով է մոտեցել իմ աշխատանքին և հաճախակի բացակայություններին, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան: Ավելին` իմ երկու տեսահոլովակի կազմակերպչական բոլոր հարցերով նա է զբաղվել: Շնորհիվ կնոջս ողջախոհության ու փոխըմբռնման, ես երջանիկ եմ և՛ աշխատանքում, և՛ ընտանիքում:
-Տղադ` Միկան, ինչպե՞ս է ընդունում քեզ, երբ երկար բացակայությունից հետո տեսնում է:
- Տղայիս հետ շատ կապված եմ: Ինքս չեմ կարողանում երկար բացակայել, աշխատում եմ հնարավորինս շուտ վերադառնալ տուն: Նա շատ ջերմ և ժպիտով է դիմավորում ինձ: Փոքրիկիս հետ մոռանում եմ ամենօրյա խնդիրների և գործերի մասին:
– Երկրորդ անգամ ծնող դառնալ ծրագրո՞ւմ եք:
- Մտածում ենք որոշ ժամանակից երկրորդ, նաև երրորդ բալիկն ունենալու մասին:
- Զրույցի սկզբում ասացիր, որ Եգիպտոսում եք: Ո՞րն է այցի նպատակը:
- Խիստ հագեցած առօրյայի պատճառով հազվադեպ եմ հասցնում հանգստանալ: Քանի որ մի քանի օր ազատ ժամանակ ունեի, կնոջս հետ որոշեցինք հանգստանալ: Առօրյա հոգսերից կտրվելու ու մի լավ լիցքաթափվելու համար որոշեցինք Եգիպտոս գալ: Իսկապես հիանալի ու տպավորիչ օրեր ենք անցկացնում: Հիմա արդեն պատրաստ եմ թարմացած ու ուժերս վերականգնած վերադառնալ աշխատանքի:
Զրուցեց Մերի Պողոսյանը