ՀՀ սփյուռքի նախարարության «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում, մայիսի 23-ին, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ կայացել են իրանահայ համայնքին նվիրված՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի միջոցառումներ: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ) և Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» («Նորավանք» ԳԿՀ) գրքերի շնորհանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Հատկանշական է, որ «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» գիրքը հեղինակել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը: Իսկ դա նշանակում է, որ հեղինակը հիմնախնդիրը քննել է և՛ որպես դիվանագետ, և՛ որպես գիտնական-մասնագետ: Գրքում համակողմանի քննության են ենթարկվել մեր հնագույն համայնքներից մեկի՝ Իրանի հայ համայնքի արդի հիմնախնդիրները, այնտեղ հայկական կրոնական և աշխարհիկ կառույցների, հայապահպանության, իրանական հասարակության մեջ հայերի ինտեգրման, համայն քի ներուժի, համայնքի ու Հայաստանի միջև կապերի, համայնքի հեռանկարների հետ կապված հիմնահարցերը: ՀՀ սփյուռքի նախարարությունը իր հետագա գործունեության ընթացքում անպայման հաշվի կառնի այն բոլոր առաջարկությունները, որ պարոն Բայբուրդյանը ներկայացրել է իր այս հանրագիտարանային արժեք ներկայացնող ուսումնասիրության մեջ»,- նշել է նախարարը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի փորձագետ Հասան Սաբեթջուն հավաստիացրել է, որ իրանահայ համայնքն իրենց պետության կարևոր մասնիկն է «Նոր Ջուղայի օրերի կազմակերպումը Հայաստանում հայ-իրանական սերտ բարեկամության հավաստիքն է: Ուրախ եմ, որ գրքի հեղինակը Իրանի հայ համայնքին նվիրված և համայնքին իր երկարամյա ծառայությունները մատուցած անձն է»,-նշել է փորձագետը:
Ներկայացնելով «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ այն ծավալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դարի երկրորդ կեսի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, նահանգի գավառների պատմությանը և ժողովրդագրությանը: Գրքին հատուկ կարևորություն են հաղորդում և նրանում տեղ գտած ժողովրդագրական աղյուսակները, տեղագրական և ազգագրական հարուստ նյութը:
Այնուհետև Մատենադարանում կայացել է Նոր Ջուղայի Ավետարանի և այլ ձեռագիր մատյանների ցուցահանդեսի բացման արարողությունը: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեիսին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը և այլք:
Բացի այդ, Մատենադարանում տեղի է ունեցել «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայության կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Իրանի հայ համայնքի ղեկավարներին:
Նախարարն ընդգծել է, որ Նոր Ջուղայի օրերը գալիս են ևս մեկ անգամ հավաստելու, որ Հայաստանն ու Իրանը դարերով քայլել են կողք կողքի և փոխադարձ հարգանքի, գնահատանքի պայմաններում դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն: